Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այսօր հաղորդել է գողերի համայնքում ներգրավվածության մեջ մեղադրվող երկու հետախուզվող երիտասարդների ձերբակալության մասին:
Թբիլիսիում, դատարանի որոշման հիման վրա բերման են ենթարկվել 34 և 29 տարեկան երկու տղամարդ: Նրանց երկուսի նկատմամբ էլ հետախուզում էր հայտարարվել 2021 թվականի հուլիսի 11-ին:
Հետաքննության համաձայն՝ ձերբակալվածները ճանաչում են «գողական համայնքը» և ակտիվ կապեր են պահպանում քրեական շրջապատի ներկայացուցիչների հետ:
Հաստատվել է նաև, որ մեղադրյալները հուլիսի 8-ին կալանավորվածների հետ միասին ակտիվորեն մասնակցել են «գողական աշխարհի» գործունեությանը: Խոսքը գնում է խմբի ձերբակալման մասին, որի մեջ 30-ից ավելի մարդ էր ներգրավված:
Այդ ժամանակ ոստիկանությունը՝ վեցամսյա համակարգված միջոցառումների արդյունքում, քրեական պատասխանատվության էր ենթարկել «գողական համայնքի» հետ կապ ունեցող ամբողջ խմբին: Դրանցից հուլիսի 8-ին բերման էր ենթարկվել 25 մարդ, չորսին մեղադրանքն առաջադրվել էր բանտում, իսկ երկուսի նկատմամբ հետախուզություն էր հայտարարվել սույն գործով:
Այս պահի դրությամբ ձերբակալվածները գտնվում են քրեակատարողական հիմնարկում: Նրանց սպառնում է ազատազրկում՝ յոթից տաս տարի ժամկետով:
2018-ի ապրիլին Վրաստանը խստացրել էր քրեական մտածելակերպի դեմ պայքարի հետ կապված օրենսդրությունը: Այժմ երկրում ոչ միայն պատժվում է գողական աշխարհին պատկանելը, այլ նաև «գողական հավաքին(սխոդկա)», «հաշիվներ մաքրելուն» մասնակցությունը և «գողական աշխարհի» ներկայացուցչին դիմելը: