Այս պահի դրությամբ, մոտ հազար քաղաքացի արդեն հրաժարվել է երեք ամսվա ընթացքում կոմունալ ծառայությունների վճարումները մարելու կառավարության աջակցությունից: Այս մասին լրագրողներին հայտնել է Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի ղեկավար Դավիթ Նարմանիան:
Ավելի վաղ, նոր կորորնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամից տուժած քաղաքացիներին աջակցելու նպատակով, Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, որ փակելու է այն բաժանորդների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ ծախսերը, որոնք սպառել են ոչ ավելի, քան 200 կՎտ (ամսական մոտ 37 լարի) էլեկտրաէներգիա և 200 խոր/մ (ամսական մոտ 90 լարի) գազ:
«Բավականին մեծ է դիմելիությունը: Արդեն գրեթե հազար քաղաքացի հրաժարվել է վճարել կառավարության կողմից կոմունալ վճարները: Նրանք ցուցաբերել են սոցիալական պատասխանատվություն և որոշել հրաժարվել պետության աջակցությունից՝ ելնելով նրանից, որ դրա կարիքը չունեն: Ըստ այդմ, այդ գումարը կտնտեսվի բյուջեից, և քաղաքացիները իրենք կվճարեն իրենց կոմունալ ծառայությունների համար», – հայտարարել է Նարմանիան:
Վերջինիս խոսքով՝ այս խնայողությունների շնորհիվ կառավարությունը կկարողանա գումարն ուղղել այլ կարևոր միջոցառումները ֆինանսավորելու համար:
Վրաստանի կառավարությունը մտադիր է մարտին, ապրիլին և մայիսին էլեկտրականության և գազի սպառման միջին ցուցանիշ ունեցող քաղաքացիների կոմունալ վճարումները մարել: Նախաձեռնությունը, որը կվերաբերի մոտ 2 միլիոն մարդու, ներկայացվել է ապրիլի 1-ին:
Հարթակը, որի օգնությամբ հնարավոր է հրաժարվել սուբսիդավորումից, հասանելի է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում: Սուբսիդավորումից հրաժարումը կարտացոլվի հատուկ բազայում: Հրաժարվելու վերջնաժամկետը ապրիլի 11-ն է:
Կառավարության վարչակազմի տեղեկատվության համաձայն, այն բաժանորդների թիվը, ովքեր 200 կՎտ-ից ավելի քիչ էլեկտրաէներգիա են սպառում, Վրաստանում կազմում է 1,2 միլիոն, և պետությունը միջինը 17 միլիոն լարի (մոտ 5 միլիոն դոլար) կհատկացնի այդ քաղաքացիների կոմունալ վճարումներին:
Վրաստանում նաև կա 670 հազար բաժանորդ, ովքեր ամսական սպառում են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ: Նրանց հաշիվները մարելու համար պետությունը կհատկացնի 27 միլիոն լարի (ավելի քան 8,5 միլիոն դոլար):