Ախալցիխեի բնակչի մոտ միաժամանակ հաստատվել է Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդ և կորոնավիրուս: Նրան տեղափոխել են Թբիլիսի:

Պացիենտը 40 տարեկանից ցածր կին է: Սկզբնապես նա բերվել է Ախալցիխեի «Իմեդի» կլինիկա: Նրա վիճակը կայուն էր, բայց բժիշկները որոշել են տեղափոխել մայրաքաղաք: Կինն այժմ շարունակում է բուժումը Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

«Բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները մատուցվում են, քանի որ հաստատվել է, որ նա ունի երկու լուրջ վարակ: Հետազոտության պատասխանները կիմանանք երկուշաբթի օրը: Հիմա վիճակը բավարար է գնահատվում», – լրագրողներին հայտնել են Թբիլիսիի հիվանդանոցից:

Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդը (ԿՂՀՏ) առանձնապես վտանգավոր բնական-օջախային հիվանդություն է, որն արտահայտվում է թունավորմամբ եւ մաշկի ու ներքին օրգանների արյան զեղումներով: Այն առաջին անգամ հայտնաբերվել է 1944 թվականին Ղրիմում: ԿՂՀՏ-ն լայնորեն տարածված հիվանդություն է, որն առաջացնում է տիզերի փոխանցած Bunyaviridae ընտանիքի վիրուսը (Nairovirus):

Հիվանդությունը, որի հիմնական կրողը տիզն է (Hyalomma), հանդիպում է ինչպես տնային կենդանիների, այնպես էլ մարդկանց մոտ: Եթե կենդանիների մոտ դա ընթանում է առանց կլինիկական նշանների, ապա մարդկանց մոտ անժամանակ բուժումը կարող է հանգեցնել մահացու հետևանքների:

Հիվանդությունից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս.

Գարնանից սկսած մինչև աշնան սկիզբ կենդանիներին պետք է մշակեն, միջատասպաններով` ցուցումներին համապատասխան,
Դաշտում աշխատելիս հագնել փակ հագուստ և կոշիկ,
Կենդանուն կծելու դեպքում հեռացնել տիզը ունելիով և ձեռնոցներով,
Հիվանդանալու դեպքում անհապաղ խորհրդակցել բժշկի հետ: