Դարբին Գուգարը մուրճի յուրաքանչյուր կտրուկ զարկով փորձում է թարմություն հաղորդել Ախալցխայի արհեստագործությանը:
Ախալցխայի (Ախալցիխե) Սուրբ Նշան եկեղեցի տանող ոլորաններով բարձրանում ենք հայտնի դարբին՝ Գուգարի դարբնոց: Վերջինս անձամբ է մեզ ուղեկցում դարբնոց: Ակամայից հայտնվում ենք 1800-ական թվականների տիպիկ հայկական միջավայրում, որտեղ յուրաքանչյուր իր վկայությունն է Ախալցխայի երբեմնի ծաղկուն ժամանակաշրջանի:
Գևորգ Պետրոսյանն Ախալցխայում հայտնի է, որպես դարբին Գուգար: Տարիներ շարունակ երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով դարբինն իր բնորոշումն է տալիս տձև մետաղին:
«Ջահել ժամանակ էլ, որ դասախոսում էի (մեքենաշինություն է դասավանդել), միշտ էլ կողքից զբաղմունք ունեցել եմ: Սովետի ժամանակ ինքնասարք մեքենաներ էի սարքում, այն լավ զարգացած էր Ախալցխայում: Ինձ ձգում է այն, ինչն առնչվում է արվեստի հետ: Մարդն իր գոյության ընթացքում միշտ պետք է ստեղծի, արարի, ինչ-որ կերպ իրեն դրսևորի, որ իրեն պիտանի մարդ զգա»,- ասաց դարբինը:
20 երկար ու ձիգ տարիներ երկաթին ձև տալով, երկաթից յուրօրինակ դռներ, կահույք, դարպասներ, կենցաղային և նույնիսկ դեկորատիվ իրեր, ծաղիկներ ու լուսամուտների ճաղեր և ջահեր պատրաստելով, Գուգարը փորձում է Ախալցխայի հայկական արհեստին ու արվեստին վերածնունդ հաղորդել:
Վերջին տարիներին Ջավախքում վերանորոգված հայկական եկեղեցիների դռները, ջահերն ու մոմակալները դարբին Գուգարի ձեռքի շնորհքն ու ստեղծագործական մտքի արգասիքն է:
«Դարբնությունը քեզ, որպես մարդ ինչ-որ տեղ դրսևորելու միջոց է: Ձգտում ենք մեր ազգային հայկական ոգին վերականգնել, ամենուր և ամեն ինչում փորձում ենք ազգային կեցվածքը վերադարձնել: Սովետական տարիներին մեր հարուստ մշակույթը խամրել էր: Ախալցխան՝ Ախալցխա դարձնելու համար պետք է տքնաջան աշխատանք ու ժամանակ»,- ասաց քաղաքի հայտնի երկաթագործ Գևորգ Պետրոսյանը:
Ախալցխան այսօր էլ չհամարել արվեստների ու արհեստների քաղաք անհնար է: Մինչ օրս էլ մարդկանց կեցվածքում, փողոցներում, ամենուր զգացվում է թաքուն պահպանված քաղաքի երբեմնի կոլորիտը:
Վերցնելով դարբնի մուրճը, վերջինս րոպեների ընթացքում մի քանի հարվածով տձև երկաթին հեշտությամբ տերևի տեսք է տալիս:
1951 թվականի ծնված, 4 երեխաների հայր, կրթությամբ ինժիներ-մեխանիկ, Արցախյան հերոսամարտի մասնակից, մեքենայագործ, երկաթագործ Գևորգ Պետրոսյանը չի սիրում խոսել արցախյան հաղթական կռվում իր մասնակցության ու ծավալած գործնեության մասին:
«Կարող եմ ասել, որ Ջավախքի մասնակցությունն Արցախյան կռվում շատ մեծ էր: Հենց այս կռվով սկսվեց հայի պայքարը, նաև Ջավախքի: Արցախից հետո վրացիներն սկսեցին ավելի լուրջ վերաբերվել մեզ, միայն այդ ժամանակ նրանք գիտակցեցին մեր տեսակի հզորությունը»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
Աղունիկ Այվազյան