«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Վրաստանի կառավարությունից պահանջում է չեղյալ հայտարարել այն նորմը, համաձայն որի` խաղատների շահագործման լիցենզիայի գինը միանգամից իջեցվում է 5-ից 2,5 միլիոն լարիի։ Դրա պատճառը համավարակն է, որի պատճառով խաղատնային հաստատությունները գրեթե մեկուկես տարի չեն աշխատել, և հնարավորություն չունեն կանխավ վճարել լիցենզիայի արժեքը:
Ըստ Ասոցիացիայի, խաղատնային բիզնեսը, որը մեծ գումար է աշխատում, դրա հետ մեկտեղ անհամաչափ քիչ հարկեր է վճարում, հետևաբար, այս ոլորտին որևէ արտոնություն տրամադրելու հիմք չկա:
«2020 թվականին Վրաստանում խաղատնային ոլորտի շրջանառությունը հասել էր 31 միլիարդի, և գործնականում կարգավորման սահմաններից դուրս մնացած այս ոլորտն արդեն վերածվել է տնտեսության մակաբույծի և ծառայում է միայն հետագայում բնակչության էլ ավելի աղքատացմանը:
Այսօր Վրաստանում կան բազմաթիվ գործարարական և տնտեսական ոլորտներ, որոնք լրջորեն տուժել են համավարակից, և նրանց օգնություն է պետք ոչ պակաս, քան խաղատներին, որոնց շահույթը տարեցտարի աճում է, ինչը երկրում ոչ մի օգուտ չի ստեղծում և հանդիսանում է բնակչության համար լուրջ խնդիր», – ասված է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հայտարարության մեջ: