Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունը քննարկում է կենտրոնական՝ Թավիսուփլեբա փողոցի վերականգնման հարցը, որի շրջանակներում Ախալքալաքի կենտրոնական հրապարակում, որը հայտնի է որպես Մաշտոցի հրապարակ՝ կլինի շրջանցիկ հատում:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը Ախալքալաքում զբոսաշրջությունն և այս շրջանը զարգացնելու նպատակով, վերականգնում է կենտրոնական փողոցը և կենտրոնական հրապարակը: Նախարարությունը, քննարկման համար, տեղական ինքնակառավարման մարմիններին է ներկայացրել հրապարակի վերականգնման 4 տարբերակ: Վերականգնման երկու տարբերակները նախատեսում են օղակաձեւ հատում՝ առանց Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի: Այս տարբերակները նախատեսում են հուշարձանի տեղափոխումը Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի դիմացի հրապարակ: Մյուս տարբերակը էլ նախատեսում է հուշարձանի տեղափոխումը օղակաձեւ հատման կենտրոն, իսկ չորրորդ տարբերակը օղակաձեւ ճանապարհը նախատեսում է հուշարձանի հարևանությամբ:
Հուլիսի 16-ին, Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, նրանց տեղակալները, ինչպես նաև քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, մշակույթի և զբոսաշրջության ծառայությունների ներկայացուցիչները քննարկեցին քաղաքի համար առավել ընդունելի տարբերակը:
Քննարկումը ընթացավ շատ բուռն, հիմնականում թյուրըմբռնում առաջացրեց հուշարձանը տեղափոխելու հարցը, ոմանք կողմ էին, ոմանք՝ դեմ: Նրանք քննարկեցին նաև կայանատեղիների հարցը և այլ հարցեր: Չորս տարբերակներից յուրաքանչյուրի առանձին քննարկումից հետո, երկու տարբերակը թողնվեց հետագա քննարկման համար: Վերջնական ընտրությունը դեռ չի կատարվել և ուղարկվել Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարություն:
«Զբոսաշրջության զարգացման համար նախարարությունը մտադիր է վերականգնել կենտրոնական փողոցը մինչև շուկա, փողոցին և շենքերին տալ ժամանակակից տեսք: Ես հստակ չգիտեմ, թե ինչ են անելու, բայց ուզում եմ ասել, որ ոչ ոք հուշարձանը չի հեռացնի Մեսրոպ Մաշտոցի հրապարակից, կա՛մ մենք այն կտեղադրենք կենտրոնում, կա՛մ կմնա իր տեղում: », – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը: