Մառնեուլիում կայացած “სხვა საქართველო სად არის” փառատոնի դափնեկիրների գալահամերգին երրորդ տեղը գրավել է Ախալքալաքի երաժշտական դպրոցի երգչախումբը: Պատվավոր 3-րդ տեղը գրավեց նաեւ մեներգիչ Սոս Ունանյանը, իսկ Անժելա Աստվածատուրյանը ստացել է պատվոգիր:

Ախալքալաքի երաժշտական դպրոցի երգչախումբը 2 շաբաթ առաջ մասնակցել էր նաև Ախալցիխեի վարպետաց դասին, որից հետո մասնակցել էր փառատոնի առաջին փուլին: Արդեն գալահամերգին, որտեղ երգչախումբը հրավիրված էր որպես փառատոնի դափնեկիր, հայտնի էին դարձել արդյունքները:

«Գեղեցիկ փառատոն է, լավ կազմակերպված, գունեղ: Ինձ շատ դուր եկավ այնտեղ ելույթ ունենալը: Մենք մեկ տարի չէինք աշխատում, և երկու-երեք շաբաթում ես կարծում եմ, որ այսպիսի արդյունքը բավականին լավ է», – ասում է երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը:

Փառատոնին Վրաստանի տարբեր շրջաններից մասնակցում էին 5 երգչախմբեր: Երաժշտական դպրոցի երգչախմբից բացի, երգչախմբային երգեցողության անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրել է Ախալքալաքի երաժշտական դպրոցի սան Սոս Ունանյանը:

«Ուրիշ Վրաստան էլ որտեղ կա» փառատոնն անցկացվում է արդեն 5-րդ տարին: Ախալքալաքի երաժշտական դպրոցն այս փառատոնին մասնակցում է 2-րդ անգամ:

Նշենք, որ Մառնեուլիի մունիցիպալիտետում անցկացվում է «Ուրիշ Վրաստան էլ որտեղ կա» մրցույթ-փառատոնը: Սա նախագիծ է, որի ընթացքում ազգությամբ վրացի և էթնիկ փոքրամասնությունների երիտասարդները սովորում են վրացական ավանդական երգեր և ռեալիզացնում իրենց ներուժը:

Նախագիծը նախաձեռնել են «Դեմոս» միությունը և Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանի ուսումնական կենտրոնը, որի շրջանակներում հայտնի մրցակիցների համար անցկացվում են վրացի հայտնի կոմպոզիտորների վարպետաց դասեր:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության, Քվեմո Քարթլիի պետական ներկայացուցչության և տարածաշրջանի երկու մունիցիպալիտետների աջակցությամբ: