Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 հաստատությունից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։ Այս մասին կլինիկայի տարածքից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը։ «Վիվամեդ»-ում խստացվել են անվտանգության միջոցառումները, մոբիլիզացված են իրավապահները։

Հիվանդանոցում արդեն պատրաստ է բաժանմունքը, որտեղ կտեղավորեն Սաակաշվիլին։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել են հետազոտություններ անցնել «Վիվամեդ» կլինիկայում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Սաակաշվիլին համապատասխան բուժում կստանա։ Միխեիլ Սաակաշվիլին այս հարցի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Facebook-ում՝ նշելով, որ մի քանի պայման է դրել «Վիվամեդ» կլինիկա տեղափոխվելու հետ կապված։ Ավելի ուշ Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Սաակաշվիլիին առանց վերապահումների օգտվել առաջարկվող բժշկական ծառայություններից։