Հուլիսի 12-ին քաղաք Նինոծմինդայում և հուլիսի 13-ին գյուղ Օլավերդում տեղի կունենան «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունները: Այս մասին հայտնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:
Նինոծմինդայում ԱրՄաթի հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (բարերար Արմեն Ղարսլյան), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ:
Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում ԱրՄաթի հիմնադրման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (հովանավորներ՝ ՋԱՀ-ի Պերմի ներկայացուցիչ Գրիգոր Տաշչյանի գլխավորությամբ օլավերդցի բարերարներ) Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներիային և մաթեմաթիկային։
Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը:
Հավելենք, որ Ջավախքում արդեն գործում 7 «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ ավելի քան 500 երեխա ստանում է անվճար տեխնոլոգիական կրթություն:
Հունիսի «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև պայմանագիր է կնքվել, ըստ որի, նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում «Հրայր եվ Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ախալքալաքի շրջանի Բեժանո և Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղերում ևս «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ բացել։