Վրաստանում այսօր նշվում է Մայրենի լեզվի օրը: Այդ տոնի առթիվ Jnews-ը որոշեց հարցման միջոցով պարզել Ախալքալաքի բնակչության վրաց լեզվի իմացության մակարդակը։

Երկու տարի առաջ Jnews-ն ուսումնասիրել էր վրաց լեզվի իմացության մակարդակը Ջավախքում և փորձել բացահայտել դրա ցածր լինելու խնդիրը: «– Գամարջոբա: – Գամարջոբա: – Ռոգոռա խա՞ռ: – Չեմ հասկանում:» նյութի շրջանակներում հարցում էինք անցկացրել վրացերեն լեզվով: Հարցման ընթացքում զրուցակիցները կարողանում էին երկխոսությունը վրացերենով շարունակել միայն 1-2 բառ կամ բառակապակցություն ասելով:

Այսօր դրությունը մի փոքր փոխվել է, սակայն խնդիրը կրկին արդիական է:

Մեր այսօրվա հարցումների ընթացքում պարզվեց, որ Ախալքալաքում վրաց լեզվի իմացության մակարդակը դրական փոփոխությունների է ենթարկվել երիտասարդների մոտ: Այն երիտասարդները, որոնք ուսումը շարունակում են Վրաստանում, կամ մտադրության ունեն շարունակելու որոշակի մակարդակի տիրապետում են վրաց լեզվին: Միջին տարիքի ախալքալաքցիները փորձում են սովորել վրացերեն՝ աշխատանք ունենալու համար, իսկ մեծահասակները տիրապետում են միայն ռուսերենին և ընդգծում են երիտասարդների վրաց լեզվին տիրապետելու անհրաժեշտությունը։

Ներկայացնում ենք մեր հարցումը Ախալքալաքի փողոցներում՝

Նշենք, որ 42 տարի առաջ, 1978 թվականի ապրիլի 14-ին, Վրաստանի բնակչությունը դիմադրեց վրացերենի համար պետական ​​լեզվի կարգավիճակից զրկելու՝ Խորհրդային Միության մտադրությանը: Բնակչության զանգվածային խաղաղ ցույցը պահպանել է պետական ​​լեզուն, որն իսկապես պետական ​​նշանակության իրադարձություն է: