Վերջին երկու տարում Ախալքալաքի մունիցիպալիտետում կառուցված նոր ամբուլատորիաները չեն գործում: Վերանորոգվածներից որոշները նույնպես չեն աշխատում: Գյուղական ամբուլատորիաների կառուցման և վերանորոգման համար, ընդհանուր առմամբ, բյուջեից ծախսվել է 610 000 լարի, որոնք դեռ արդյունք չեն տալիս:

2019-ին Վրաստանի կառավարությունը նախաձեռնել էր հատուկ ծրագիր, որի շրջանակներում շրջաններում կառուցվեցին ամբուլատորիաներ և շտապ բուժօգնության կենտրոններ: Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս գյուղում կառուցվել են ամբուլատորիա, իսկ հինգ գյուղում եղածները վերանորոգել են:

Ախալքալաքի մունիցիպալիտետում նոր ամբուլատորիաներ կառուցվել են Զակ, Չամդուրա, Կարտիկամ և Ղադոլար գյուղերում: Ղադոլար գյուղում ծախսել են 84 847 լարի, Չամդուրայում՝ 85 961 լարի, Կարտիկամում՝ 86 463 լարի, Զակում՝ 86 718 լարի:

Հիմնանորոգվել են Բարալեթ, Դիլիսկա, Ազավրեթ, Արագվա, Ալաստան և Գումբուրդո գյուղերում առկա շենքերը:

Չորս գյուղում նոր ամբուլատորիաներ կառուցելու համար հատկացվել է 360 000 լարի, իսկ վեց գյուղում վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 250 000 լարի, ընդհանուր գումարը կազմել է 610 000 լարի: Սակայն այս շենքերն արդեն երկու տարի է անգործության են մատնված:

Կարտիկամ գյուղը մեկն է այն 4 գյուղերից, որտեղ կառուցվել է ամբուլատոր բուժկետ: Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամի տարածքային շրջանից Սակրեբուլոյի պատգամավոր Գենադի Էլիզբարյանի խոսքերով, իրենց գյուղում ամբուլատոր կլինիկան կառուցվել է, բայց չի բացվել:

«Ես մի քանի անգամ հարցրել եմ, թե ինչու չեք բացում, ասում են, որ գույք չկա, հետո ասացին, որ պատճառը համավարակն է: Բուժքույրն աշխատում է իր տնից», – ասում է Գենադի Էլիզբարյանը:

Պատգամավորն այս հարցը Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի վերջին նիստում՝ հունիսի 29-ին կրկին բարձրացրեց, բայց ոչ նա, ոչ էլ մյուսները պատասխան չստացան:

Հեշտ չէ տեղում գտնել պատասխանատուին: Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Ավետիք Տոնականյանն ասաց, որ նոր ամբուլատորիաները չեն գործում, դրանք հագեցած չեն, բայց դա իրենց իրավասության մեջ չի մտնում, այդ մասին պետք է հոգ տանի մունիցիպալիտետի ղեկավարությունը:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews- ին ասաց, որ դա իրենց իրավասությունների մեջ չի մտնում:

«Սա մեզանից կախված չէ, Շտապօգնության կազմակերպությունն է դրանով զբաղվում: Նրանք պետք է գույք տրամադրեն և աշխատողներին ընդունեն: Մենք պարզապես կատարել ենք պետպատվերը, կառուցել և վերանորոգել ենք շենքերը», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Ախալքալաքի շտապ օգնության մենեջեր Երեմ Եզոյանն ասում է, որ գույքն աստիճանաբար ուղարկվում է, բայց այն հարցին, թե ինչու կոնկրետ չեն աշխատում նոր ամբուլատորիաները, նա ասաց.

«Թբիլիսիից կենտրոնացված ուղարկում են ուղիղ ամբուլատորիաներ, նրանք մեզ չեն տեղեկացնում, անմիջապես զանգահարում են նրանց, այնտեղ դիմավորում և ընդունում են, մենք չենք ներգրավված այս գործընթացում: Դա արվում է կենտրոնացված: Նրանք են վերահսկում: Մենք կարող է նույնիսկ տեղյակ էլ չլինենք: Շատ պատահական օրինակ, մենք իմացանք որ Գումբուրդո գյուղին սարքավորում են հատկացրել, իսկ Տուրցխն արդեն ստացել է սարքավորումը », – ասաց Ախալքալաքի Շտապօգնության մենեջեր Երեմ Եզոյանը:

Ըստ Ախալքալաքի ՀԱԿ -ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 13 ամբուլատորիա, որոնցից ոչ բոլորն են հատուկ ամբուլատոր շենքերում: Դրանք հետևյալ գյուղերում են՝ Սուլդա, Ազավրեթ, Բեժանո, Ալաստան, Բարալեթ, Դիլիսկա, Վաչիան, Գումբուրդո, Չունչխա, Խանդո, Տուրցխ, Արագվա, Չամդուրա: