Նոյեմբերի 12-ին Ախալքալաքում վրաերթի ենթարկված Ա. Գ.-ի առողջական վիճակը բժիշկները կայուն են գնահատում և դրական տեղաշարժ են արձանագրել: Վերջինս գտնվում է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում:
Բժիշկները դրական տեղաշարժ են նկատել հիվանդի մոտ, եթե այսպես շարունակվի, ապա առաջիկա օրերին ոտքի վիրահատությունը կանեն:
Ա. Գ-ն Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության աշխատակիցն է: Նշենք, որ Ա. Գ.-ի տեղափոխությունն Ախալքալաքի հիվանդանոցից Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն իրականացվել է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության, Վրաստանում Հայաստանի դեսպանության, ՀՀ առողջապահության նախարարության համատեղ իրականացված գործողությունների արդյունքում:
Նոյեմբերի 12-ի երեկոյան, Ախալքալաքի Ազատության փողոցի հետիոտնային անցման վրա ավտոմեքենան հարվածել է հետիոտնին:
Պատահարը տեղի է ունեցել Ազատության փողոցում՝ Ռուսթավելիի խաչմերուկի մոտ, ժամը 18:00-ի սահմաններում: Ըստ ականատեսների, հետիոտնն ուզել է անցնել ճանապարհը, այնուհետև, երբ նա տեսել է, որ մեքենա է գալիս՝ կանգ է առել, այդ պահին մեքենան արագությունը դանդաղեցրել է, սակայն թե՛ վարորդը, և թե՛ հետիոտնը, ըստ երևույթին, մտածելով, որ մյուսը ճանապարհը զիջում է, շարժվել են առաջ, ինչի արդյունքում մեքենան հարվածել է հետիոտնի ոտքերին և նա ընկել է:
Այս փաստի կապակցությամբ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել, գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով: Վերոնշյալ հոդվածը ենթադրում է «Տրանսպորտի երթևեկության կանոնների խախտում կամ սխալ շահագործում, ինչը ոչ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը»: Ըստ հոդվածի մեղավորը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով: