Այսօր Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են: Ընտրվում է Հայաստանի Երրորդ Հանրապետության 9-րդ գումարման խորհրդարանը և 8-րդ գումարման Ազգային ժողովը: 2008 ընտրական տեղամասերում քվեարկությունը կանցկացվի ժամը 8-ից մինչև 20-ը:
Ըստ Ոստիկանության հրապարակած տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվն է 2 578 678 մարդ:
Որպես ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին մարտի 18-ին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ երկրի նախագահի, խորհրդարանական երեք խմբակցությունների հետ քննարկումների արդյունքում: Մեկ ամիս անց Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, մայիսի 10-ին երկրի նախագահն ստորագրեց Ազգային ժողովն արձակելու ու ընտրությունների նշանակման հրամանագիրը: Հունիսի 7-18-ը նախընտրական քարոզարշավն էր:
Ազգային ժողովի առնվազն 101 մանդատներին հավակնում են 25 կուսակցություններ և դաշինքներ: Դրանք են, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճակահանությամբ որոշված՝ քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարների`«Արդար Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Ազատ հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը, «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Վերելք» կուսակցությունը, Ազատական կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը:
Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ խորհրդարանի մանդատները բաշխվում են «այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ»: Իսկ «եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները»: