Ոստիկանությունը բերման է ենթարկել Նինոծմինդայի մանկատան նախկին սանի քեռուն, ով հաստատության շահառուների վատ վերաբերմունքի գործով վկա է: Այս մասին ասվում է Վրաստանի Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Հետաքննությունը պարզել է, որ տղամարդը ցուցմունք տալուց հետո սպառնացել է սպանել իր քրոջ որդուն: Իրավապահ մարմիններին փաստի մասին տեղեկացրել է վկայի փաստաբանը:
Վրաստանի Գլխավոր դատախազությունը տղամարդուն մեղադրանք է առաջադրել 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «առողջությանը վնաս հասցնել կամ սպառնալ սպանել»: Մեղադրող կողմը կպահանջի, որ ձերբակալվածը մնա կալանքի տակ՝ մինչև դատավճռի կայացումը:
Գլխավոր դատախազությունը խնդրում է ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին զերծ մնալ հետաքննության ցանկացած մանրամասներ բարձրաձայնելուց` հետաքննությանը չխանգարելու համար:
Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին արգելվում է մուտք գործել գիշերօթիկ դպրոց, որը պատրիարքարանի ենթակայության տակ է գտնվում: Օմբուդսմենը զրկված է շահառուների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնության ենթադրյալ փաստերի առումով այնտեղ մոնիթորինգ անցկացնելու հնարավորությունից, որի պատճառով քննչական մարմինները վերջին հինգ տարվա ընթացքում չորս քրեական գործ են հարուցել:
Մեկ շաբաթ առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել էր «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (PHR) ՀԿ-ի հայցային պահանջները՝ համապատասխան պետական գերատեսչություններին հանձնարարելով անհապաղ սկսել երեխաների տեղափոխումը Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցից՝ ելնելով անչափահասների կյանքի և առողջության համար հնարավոր ռիսկերից:
Ըստ վերջին տվյալների, Թրաֆիքինգի զոհերի, տուժածների և պետական խնամակալության աջակցության գործակալությունը ապահովել է մանկատնից 22 անչափահասների, այդ թվում՝ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների դուրս բերումը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, այս պահին հաստատությունում մնում է շուրջ 30 երեխա: Իր հերթին, Վրաստանի Պատրիարքարանը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Հանրային պաշտպանի գրասենյակը պնդում է, որ երեխաների իրավունքների ոտնահարման մասին հաղորդագրությունները շարունակում են իրենց հասնել նույնիսկ այն բանից հետո, երբ իրավապաշտպանները և սոցիալական աշխատողները հաջողել են մուտք գործել գիշերօթիկ դպրոց: ՄԻՊ Նինո Լոմջարիայի խոսքով՝ իրենք նաև հաստատության նախկին սաներից են տեղեկություններ ստանում իրավունքների ոտնահարման մասին: Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ երեխանեի նկատմամբ լուրջ ճնշում է գործադրվում, որպեսզի վերջիններս գիշերօթիկ դպրոցի վարչակազմի դեմ ցուցմունք չտան իրավապահ մարմիններին և չխոսեն այն բռնությունների մասին, որոնց նրանք ենթարկվել են մանկատանը: