Բաքվում 14 հայ ռազմագերիների մեղադրանք է առաջադրվել, գործը փոխանցվել է դատարան՝ ծանր հանցագործությունների առթիվ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հայ զինվորները գերի են ընկել Խծաբերդում: Ադրբեջանի դատախազությունը ահաբեկչության հոդվածով մեղադրանք է առաջադրել Հրաչ Արզումանի Ավագյանին, Գեղամ Սամվելի Սերոբյանին և ևս 12 հայ զինծառայողների հանդեպ: Նրանք մեղադրվում են ահաբեկչության մեջ՝ կիրառելով զենք ու առարկաներ, որոնք օգտագործվել են որպես զենք, ինչպես նաև սահմանն անօրինական հատելու մեջ:

Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո Շիրակի ավելի քան 60 բնակիչիկներ գերեվարվել են Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտակայքում: Ադրբեջանական կողմը նրանց ահաբեկիչներ է որակել և հայտարարում է, որ մտադիր չէ նրանց վերադարձնել:

Իրավապաշտպանների տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 մարդ է մնում: Պաշտոնական Երևանը պարբերաբար հայտարարում է, որ Բաքուն, հրաժարվելով հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելուց, խախտում է միջազգային իրավունքի նորմերը: