Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ախալքալաքի քաղաքապետարանը զանգվածային միջոցառումներ չեր նախապատրաստել, սակայն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ անակնկալ միջոցառում։
Միջոցառումն սկսվեց մանուկների օրհնության կարգով։ Եկեղեցու բակը, որը զարդարված էր գունագեղ դեկորներով ներկաներին բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ էր ապահովում։ Երաժշտության ներքո մանուկները պարում, զվարճանում, և նկարվում էին մուլտ-հերոսների հետ։
Խաղաղության երթով միջոցառմանը միացան Ախալքալաքի Երիտասարդական կենտրունի սաները՝ մանկավարժների ուղեկցությամբ։ Պարային համարով ելույթ ունեցան ԱԵԿ-ի պարի խմբակի սաները:
Չնայած այն բանին, որ Խաս Բախչա քաղաքային զբոսայգում ոչ մի միջոցառում նախատեսված չէր, Ախալքալաքից և գյուղերից հավաքվել էին շատ ծնողներ՝ իրենց երեխաների հետ միասին, վերանորոգվող զբոսայգում հնարավոր էր գնել պաղպաղակ, խաղալիքներ, երեխաների կողմից սիրված քաղցրավենիքներ, ինչպես նաև գույնզգույն փուչիկներ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։