Արդեն ավանդույթի վերածված Սաթխայի օրը, որը նշվում էր ամեն տարի հունիսի 1-ին, այս տարի չնշվեց։
Համավարակի պատճառով երկրում շատ տոն օրեր չեն նշվում, այդ թվում նաև Սաթխա գյուղի օրը։ Ամեն տարի հունիսի 1-ը մեծ շուքով, սպորտային մրցումներով և երաժշտական միջոցառումներով է նշվում գյուղի տոնը, սակայն այս տարի լռություն էր տիրում։
Սաթխա գյուղի տոնը նշվում է որպես 1918 թվականի հերոսամարտի զոհերի հիշատակի օր, երբ գյուղը դիմակայել է թուրքերի դեմ՝ պաշտպանելով իրենց հայրենի Ջավախքը և իրենց գյուղը: Ամեն տարի այս օրվա առթիվ ոչ միայն գյուղի բնակիչները, այլև այլ գյուղերի բնակիչներ, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած հյուրեր հավաքվում էին Սաթխա գյուղում և տոնում:
Սաթխան այն քիչ գյուղերից է, որոնց բնակիչները փախուստի փոխարեն նախընտրել են ճակատամարտել և հաղթել են թշնամուն: Պատերազմն ավարտվելուց հետո գյուղացիները հետզհետե սկսել են վերադառնալ հայրենի բնակավայր: Պատերազմից առաջ գյուղում բնակվել է շուրջ 3400 մարդ, իսկ այսօր գյուղում ապրում է մոտ 500 ընտանիք: