Նինոծմինդայի շրջանային բյուջեից 10 000 լարի է հատկացվել Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքների համար: Սակրեբուլոյի նախագահը նշում է՝ պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել, իրենք հնարավոր ամեն բան կանեն թերությունները վերացնելու ուղղությամբ:

Մարտի 20-ին Jnews-ը Վահան Տերյանի հայրական տունը փլուզման եզրին վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացվում է բանաստեղծի տուն-թանգարանում տիրող իրավիճակը:

Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանն արձագանքելով մեր հոդվածին, հավաստիացրեց, որ իրենք ամեն ինչ անում են խնդրի վերացման ուղղությամբ:

«Բոլորը կողքից գրում են, որ վերանորոգում են անում, ես չգիտեմ իրենք ինչ են անում, բայց դա պատմամշակութային արժեք է, և ամեն մարդ իրավունք չունի գնա ու վերանորոգում իրականացնի: Այնտեղ փոքր փլված հատված կա գոմում, վերևը մի երկու փայտ է փտել: Անցած տարի մենք դիմեցինք Մշակույթի պահպանության գործակալությանը, որ թույլատրեն մեզ վերանորոգում իրականացնելու համար»,- ասաց Սումբատ Կյուրեղյանը:

Մարտի 21-ին Սակրեբուլոն 10 000 լարի է հատկացրել Վահան Տերյանի հայրական տան վերանորոգման աշխատանքների համար:

«Մի երկու քառակուսի բան է, թե չէ այդպես, որ ծայրահեղության մեջ են մարդիկ, փլված է, տեր լինող չկա, սուտ բան է: Այսինքն, մենք մեր գործն արել ենք, երբ Մշակույթի պահպանության գործակալությունից թույլատվություն ստացանք, նոր բյուջեով գումար հատկացրինք, թե չէ իմաստ չուներ: Երեկ Սակրեբուլոն հաստատեց գումարի չափը: Պետությունն իրավացի է, պետք է այնպես անել որ մշակութային տեսքը չաղավաղվի», – ասաց Սումբատ Կյուրեղյանը:

Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահն ասում է՝ վերանորոգչական աշխատանքներից հետո ցուցասրահում որոշակի աշխատանքներ կիրականցնեն ցուցանմուշները նորովի ներկայացնելու համար:

Նշենք, որ Տերյանի հայրական տունը 137 տարեկան է, և 1957 թվականից գործող տուն-թանգարանը, մինչ օրս որևէ լուրջ վերանորոգման չի ենթարկվել: Եղել են մասնակի, հատվածային վերանորոգումներ, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել:

Աղունիկ Այվազյան