Աջարիայում տուրիստական սեզոնը կսկսվի հունիսի 15-ին: Այս մասին այսօր հայտարարել է Աջարիայի ԻՀ կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:
Նա ԻՀ կառավարության անդամներին կոչ է արել, որպեսզի հոգ տանել, որ անվտանգության միջոցառումները պահպանվեն և համաճարակային իրավիճակը մնա կայուն։
«Ես կցանկանայի Զբոսաշրջության վարչությանը, ինչպես նաև բոլոր համապատասխան գերատեսչություններին խնդրել, որ հունիսի 15-ին պաշտոնապես բացեն սեզոնը: Իհարկե, այս ամենը պետք է արվի հնարավորինս ուշադիր՝ հաշվի առնելով համաճարակաբանների հրահանգները, որպեսզի տնտեսության հետ մեկտեղ պահպանվի կայուն համաճարակային իրավիճակը», – հայտարարել է Ռիժվաձեն:
Նա խոսել է նաև զբոսաշրջության նոր ապրանքների ստեղծմանն ուղղված ընթացիկ ծրագրերի կարևորության մասին:
«Նոր տեսարժան վայրեր կլինեն ոչ միայն Բաթումիում, այլ գործնականում բոլոր մունիցիպալիտետներում: Բնականաբար, մենք ուշադիր կհետևենք այդ նախագծերի ավարտին», – նշել է Ռիժվաձեն:
Ռիժվաձեի խոսքով՝ ներկայումս Բաթումիի միջազգային օդանավակայանը շաբաթական ավելի քան 60 թռիչք է ընդունում: Հունիսի 1-ից Վրաստանը բացում է իր ցամաքային սահմանները, ուստի օտարերկրյա զբոսաշրջիկները Թուրքիայից կկարողանան մուտք գործել Աջարիա:
Առայժմ ճանապարհորդները Վրաստան կարող են հասնել միայն օդային ճանապարհով: Այս դեպքում օտարերկրացիները պետք է տրամադրեն բացասական PCR թեստի արդյունք կամ փաստաթուղթ, որը հաստատում է, որ անձը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկու դեղաչափերը:
Զբոսաշրջության մասնաբաժինը Վրաստանի տնտեսության մեջ նախքան COVID-19 համավարակի մեկնարկը կազմում էր մոտ 10%: 2019 թվականը հատկապես հաջող էր ոլորտի համար, երբ միջազգային ճանապարհորդների թիվը գերազանցեց 9,3 միլիոնը, իսկ եկամուտները՝ 3,3 միլիարդ դոլարը:
Անցյալ տարի զբոսաշրջությունից եկամուտները հասան ռեկորդային ցածր մակարդակի՝ 427,7 հազար դոլար, իսկ միջազգային ճանապարհորդների թիվը՝ 1,7 միլիոնի:
2021 թվականի առաջին չորս ամիսներին միջազգային այցելուների թիվը կազմել է 220,4 հազար, ինչը 90,3%-ով պակաս է՝ 2019-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: