Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել և ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին ու առողջապահական համակարգի ներկայացուցիչներին: Պարգևատրվածների թվում է ծնունդով Նինոծմինդայից «Էրեբունի» ԲԿ-ի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վաիչ, վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Ավագի Բդոյանը, ով պարգևատրվեց Մխիթար Հերացի մեդալով:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում և դրանից հեռու, հիվանդանոցում, հոսպիտալում, ռազմի դաշտում, շատ տարբեր պայմաններում: Դուք այսօր էլ կյանքեր եք փրկում՝ մեր տղաների և աղջիկների կյանքերը…»