Ախալքալաքի սպորտ համալիրի բռնցքամարտիկները Վրաստանի առաջնությունից վերադարձան` երկու ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալներով:

2016 թ-ի ապրիլի 21-ից 24-ը Վրաստանի Փոթի քաղաքում տեղի ունեցավ Վրաստանի բռնցքամարտի առաջնությունը 13-14-ամյա բռնցքամարտիկների շրջանում: Ախալքալաքից առաջնությանը մասնակցում էին 11 մարզիկներ տարբեր քաշային կարգերում:

11 մարզիկներից մեծամասնության մոտ սա առաջին լուրջ մրցակցությունն էր, սակայն դա նրանց չխանգարեց զբաղեցնելու մրցանակային հորիզոնականներ:

Ախալքալաքի սպորտ համալիրի տնօրեն` Ատոմ Էլիզբարյանի խոսքով, նրանք այդ մարզիկների հետ մեծ հույսեր են կապում:

«Մեր մարզչական կազմը շատ գոհ է արդյունքներից, դա նրանց առաջին քայլերն է մեծ սպորտում: Մեր մարզիկները իրենց շատ լավ դրսևորեցին: Ընդհանուր հաշվարկով դա մեծ թիմային հաղթանակ էր, քանի որ բռնցքամարտում շատ դժվար է հասնել այդպիսի արդյունքների», – ասում է Ատոմ Էլիզբարյանը:

Ախալքալաքի երիտասարդ բռնցքամարտիկները Վրաստանի առաջնությունում նվաճել են երկու առաջին հորիզոնական, մեկ երկրորդ, և չորս երրորդ հորիզոնականներ: Առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած մարզիկները մեխանիկորեն ընկան Վրաստանի բռնքամարտի հավաքական:

Չեմպիոններն ու մարզիկները, ովքեր զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը, հավաքի ժամանակ կմրցեն միմյանց դեմ և եթե չեմպիոնները հաստատեն, որ նրանք լավագույնն են, կդառնան եվրոպական մրցաշարի մասնակիցներ, որը կկայանա այս տարվա աշնանը:

Շուշան Շիրինյան