Այս տարվա հունվարից հողերի գրանցման մասին օրենքում ուժի մեջ է մտել նոր կանոնակարգ, համաձայն որի հնարավոր է դարձել հողերը գրանցել, նույնիսկ եթե փաստաթղթեր չկան: Քաղաքապետարանը պետք է նույնականացնի հողատարածքը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների գրանցումը խնդրահարույց է: Գյուղացիների մեծամասնությունը չունի հողատարածքների անձնագրեր, այդ իսկ պատճառով նրանք չեն կարող իրենց հողամասը գրանցել հանրային ռեեստրում:

Ըստ մոտավոր հաշվարկների, մունիցիպալիտետում մինչ այսօր գրանցված է գյուղատնտեսական նշանակության հողամասերի 40% -ը: Տարածաշրջանում նման խառնաշփոթը պայմանավորված է նրանով, որ բարեփոխման ընթացքում ոչ բոլոր մարդկանց են տրամադրվել փաստաթղթեր, ինչը հանգեցրել է գրանցման հետ կապված խնդիրների:

Յուրաքանչյուր գյուղում խնդիրները տարբեր են, բայց բոլորը կապված են փաստաթղթերի բացակայության կամ թերիության հետ: Փաստաթղթերը գյուղերում չեն պահպանվել ու չեն հանձնվել արխիվ: Որոշ մարդիկ անձնագիրը չեն վերցրել, քանի որ դա տրվել է որոշակի գումարի դիմաց, ոմանք էլ չունեն ամբողջական փաստաթղթեր՝ լրիվությամբ չկան անհրաժեշտ ստորագրությունները, կամ չկա կնիքը, տրման ամսաթիվը: Կան նաև գյուղեր, որտեղ հողամասերի օդային լուսանկարումն իրականացվել է սխալ հողամասային սահմաններով:

Վրաստանը հողերի գրանցման պարզեցված գործընթացը սկսել է 2016 թ.-ի օգոստոսի 1-ից: Այս գործընթացը մի քանի անգամ երկարացվել է, քանի որ շատ չգրանցված հողատարածքներ են մնացել: «Հողամասերի գրանցման մասին» օրենքը մի քանի անգամ փոփոխվել է, իսկ մի քանի անգամ հայտարարվել են ակցիաներ:

Վերջին փոփոխությունների համաձայն, հողամասերի գրանցումը հնարավոր է, եթե անձը չունի ոչ մի փաստաթուղթ, սակայն նա օգտագործում է հողամասը և այն ստացել է հողային բարեփոխումների ընթացքում:

Եթե անձը ցանկանում է գրանցել հողը, բայց չունի փաստաթղթեր, ապա նա պետք է կատարի հողամասի օդային լուսանկարում և դիմի պետական ռեեստրին: Դրանից հետո, ռեեստրը կսկսի արխիվից փաստաթղթերի հավաքումը:

«Ըստ նոր փոփոխությունների, նրանք փաստաթղթերը ուղարկում են քաղաքապետարան, որպեսզի մենք կատարենք նույնականացում, տանք իրավական ակտ, որը հիմք կհանդիսանա գրանցման համար: Եթե բավարար ապացույցներ լինեն քաղաքապետարանը կհաստատի և որոշում կկայացնի, իսկ եթե ոչ, ապա այլ փաստաթղթեր կպահանջի: Նույնականացման ընթացքում լրացնում ենք տեղայնքի զննության արձանագրությունը: Այսինքն, մենք լրացնում ենք ակտը հողամասի հարևանների ցուցմունքների հիման վրա: Քաղաքապետարանի պարտականությունն է ապացուցել, որ իսկապես այդ հողամասը, որը քաղաքացին ցանկանում է գրանցել, տրվել է նրան հողային բարեփոխումների ընթացքում, այլ ոչ թե գնվել է կամ բարեփոխումից հետո է վերածվել վարելահողերի: Հաստատվում է այն հողամասը, որը տնամերձ է համարվում, տրվել է ընտանիքի տնտեսությունը վարելու համար կամ տրվել է մինչև 2007 թ. սեպտեմբերը», – ասում է քաղաքապետարանի իրավաբանական ծառայության վարչական և իրավաբանական բաժնի պետ Վրեժ Բերիկյանը:

Նրա խոսքով, քաղաքապետարանը բավականաչափ աշխատանք կունենա, քանի որ բացառված չէ, որ մարդիկ ցանկանան գրանցել այլ ժամանակում ձեռք բերված հողամաս:

Ախալքալաքի մունիցիպալիտետում 2016 թվականից առ այսօր ավարտվել է 4500 հողի գրանցման գործ, ընթացքի մեջ է՝ 700-ը:

Նոր բարեփոխումների հիման վրա, քաղաքապետարանում քննարկվում է 60 գործ, դրանք դեռ գտնվում են նույնականացման գործընթացում, այդ գործերի առնչությամբ որոշում դեռ չի կայացվել:

Բոլոր գործերը չէ, որ մտնում են քաղաքապետարան, եթե փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է և ռեեստրում ապացուցվում է, որ հողը պատկանում է տվյալ մարդուն, ապա նրանք դա գրանցում են առանց քաղաքապետարանի նույնականացման:

Վրեժ Բերիկյանի խոսքով, մունիցիպալիտետում չկա այնպիսի գյուղ, որտեղ հողի գրանցման գործընթացը ամբողջությամբ ավարտված լինի: Այնուամենայնիվ, կան գյուղեր, որտեղ այդ ցուցանիշը մեծ է, դրանք հիմնականում այն գյուղերն են, որոնց տարածքով անցնում են միջազգային նախագծերը, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կամ հիդրոէլեկտրակայանները:

Ըստ նոր օրենքի, եթե չկա որևէ փաստաթուղթ, ապա գրանցվում է 0,75 հա հողատարածքը, և կարելի է գրանցել 1,25 հա տարածքից ավելին, եթե ապացուցվի, որ անձը ստացել է այդ հողամասը բարեփոխումների ընթացքում: