Վրաստանի քաղաքացիները մայիսի 20-ից 21-ը կկարողանան գրանցվել չինական Sinopharm պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու համար, «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Պաշտոնյան խոստովանել է, որ Առողջապահության նախարարության պորտալում առկա տեխնիկական խնդիրների պատճառով՝ չինական պատվաստանյութի երկրորդ դեղաչափի գրանցման գործընթացում, շատ քաղաքացիներ դժվարությունների են բախվել:
Այժմ այն քաղաքացիները, ովքեր 21-րդ օրը չեն կարողացել պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալ, կկարողանան գրանցվել և ստանալ այն առաջին ներարկումից մինչև 28 օր անցնելը:
Ըստ Գաբունիայի, պատվաստման համար գրանցման համակարգը կատարելագործվում է, և հունիսին շատ ավելի շատ քաղաքացիներ կկարողանան գրանցվել:
«Հունիսին շուրջ 800 հազար մարդ կկարողանա գրանցվել պորտալում: Այս տեխնիկական խնդիրներն այլեւս չեն կրկնվի: Ապագայում համակարգը կկատարելագործվի և կկարողանա շատ ավելի շատ մարդկանց ընդունել», – նշել է Գաբունիան:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ին, և այն իրականացվում է՝ AstraZeneca, Pfizer և Sinopharm պատվաստանյութերով: Հաջորդ շաբաթվանից նախատեսվում է սկսել պատվաստումը նաև Sinovac-ով: Առաջին փուլում բժշկական անձնակազմն է պատվաստվել, իսկ այժմ 18 տարեկանից բարձր քաղաքացիները նույնպես կարող են պատվաստվել չինական Sinopharm և Sinovac պատվաստանյութերով:
Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 88 522 մարդ: