«Tv Pirveli»-ն Նինոծմինդայի մանկատանը տիրող իրավիճակին առնչվող իր նյութում ներկայացրել է Գերաշնորհ Սպիրիդոնի դատվածության մասին, որը ղեկավարում է Նինոծմինդայի Սուրբ Նինո մանկատունը: Նյութում ասվում է, որ Գերաշնորհ Սպիրիդոնը դատապարտված է եղել անչափահաս երեխային բռնաբարելու համար:
«Tv Pirveli»-ն իր նյութում ասում է, որ Գերաշնորհ Սպիրիդոնը, որը Նինոծմինդայի Սուրբ Նինոյի մանակտունն է ղեկավարում, երկու անգամ դատապարտվել է անչափահաս աղջկա բռնաբարության և խուլիգանության համար: Հեռուստաալիքը սյուժեում հարց է բարձրացնում, թե որքանով է օրինական երեխաներին թողնել դատապարտված անձի ձեռքերում: Ռեպորտաժում ասվում է նաև, որ նա դատվել է 1984 թ.-ին և լավ վարքի համար վաղաժամկետ ազատ է արձակվել:
Այս հարցով Jnews-ը կապ հաստատեց ՄԻՊ գրասենյակի հետ` պարզելու, թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը: Հանրային պաշտպանի գրասենյակից հայտնեցին, որ այս տեղեկատվությունը քննվում է, և այն ավարտելուց հետո միայն նրանք կկարողանան մեկնաբանել:
«Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հիման վրա մենք սկսել ենք հետաքննել խնդիրը և գրել ենք այդ մասին բոլոր համապատասխան կառույցներին, այս պահին ուսումնասիրության փուլում ենք և չենք կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տալ», – ասաց Վրաստանի Հանրային պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեն: