Ավելի քան 30 347 մարդ ստորագրել է Վրաստանում «պարետային ժամը» վերացնելու պահանջով ստորագրահավաքը: Մանիֆեստի հեղինակներն են՝ Իլիայի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիգի Թեւզաձեն, ինչպես նաեւ Գիորգի Չիտիձեն ու Թենգիզ Թեւզաձեն:
Ստորագրահավաքի մեկնաբանության մեջ ասվում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար սահմանված գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակումն այլևս չի ծառայում իր հայտարարած նպատակին: Հեղինակները նշում են, որ պարետային ժամը սկսվելուց անմիջապես առաջ փակ տարածություններում` հասարակական տրանսպորտում, խանութներում և այլուր, մարդկանց մեծ կենտրոնացում է նկատվում: Եվ այս ժամանակ անհնար է պահպանել սոցիալական հեռավորությունը:
Մանիֆեստի հեղինակների կարծիքով, բնակչության մեծ մասը գիտակցում է, որ տեղաշարժման ազատության խստագույն միջամտությունը սահմանափակում է իրենց ազատությունն ու զարգացումը: Նրանք Վրաստանի կառավարությանը կոչ են անում այս հարցը ընդգրկել հաջորդ օրակարգում:
Գիշերային ժամերին (21:00-05:00), տեղաշարժման սահմանափակումը Վրաստանում գործում է ավելի քան վեց ամիս: Վրաստանում պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացվում «պարետային ժամը» վերացնելու կամ դրա տեւողությունը կրճատելու պահանջով: