«Տղամարդիկ հոգ են տանում» արշավի շրջանակներում Վրաստանում առաջին անգամ ի հայտ կգա «Հայրերի դպրոցը»: Դրա ներկայացուցչությունները կբացվեն Թբիլիսիում և Քութայիսիում: Նախագիծը նախաձեռնվել է Վրաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գրասենյակի և «Եկեք հոգ տանենք միասին» հասարակական կազմակերպության կողմից:
Ծրագրի հեղինակների խոսքով՝ դպրոցի նպատակն է խթանել տղամարդկանց մոտ այնպիսի հմտությունների ու վարքագծի զարգացում, որոնք բնորոշ են հոգատար հայրերին և զուգընկերներին: Այն կօգնի նաև տղամարդկանց ավելին իմանալ գենդերային հավասարության, ինչպես նաև կարծրատիպերի և վնասակար սոցիալական նորմերի մասին, որոնք խոչընդոտում են իրական հավասարությանը հասնելուն:
Դպրոցի թիրախային լսարանը տղամարդիկ են, ովքեր մոտ ապագայում նախատեսում են հայր դառնալ, երեխայի են սպասում կամ արդեն մինչև երեք տարեկան երեխաների հայրեր են: Ուսուցումն անվճար է: «Հայրերի դպրոց» ընդունվելու համար անհրաժեշտ է գրանցվել առցանց:
Հատուկ դասընթացը ներառում է յոթ դաս, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը երկու ժամ է: Դասերն անցկացվում են հետևյալ թեմաներով.
1. Ինչպե՞ս ճիշտ ընտրել երեխայի ծննդյան ժամանակը
2. Ինչպե՞ս աջակցել զուգընկերոջը հղիության և ծննդաբերության ընթացքում
3. Ինչպե՞ս կիսել տնային պարտականությունները
4. Ինչպե՞ս ընտրել երեխային դաստիարակելու մեթոդները
5. Ինչպե՞ս պաշտպանել երեխային բռնությունից
6. Ինչպե՞ս ընտանիքում պահպանել ներդաշնակ հարաբերություններ
7. Ինչո՞ւ է կարևոր հավասար զուգընկերությունը
Նախագծի հեղինակների խոսքով՝ «Հայրերի դպրոց»-ի շրջանակներում նախատեսվում են հեռավար հանդիպումներ պրոֆեսիոնալ մասնագետների հետ, ովքեր ակտիվորեն մասնակցում են երեխաների դաստիարակության գործընթացին: Պոտենցիալ կամ «ներկայիս» հայրիկները հնարավորություն կունենան հարցեր ուղղել մանկաբույժներին, գինեկոլոգներին, մանկական հոգեբաններին և այլ մասնագետների:
«Հայրերի դպրոց»-ը ստեղծվել է «ԵՄ-ն՝ հանուն գենդերային հավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի կանանց ֆինանսական աջակցությամբ:
Ծրագիրն ուղղված է գենդերային կարծրատիպերի և խտրական նորմերի խթանմանը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանը և տղամարդկանց ակտիվ ներգրավմանը գենդերային հավասարության հաստատման գործընթացում:
Աղբյուրը՝ SovaNews