Ախալքալաքում 400-500 ուսուցիչներ արդեն երկու օր է հավաքվում են Հանրային առողջության կենտրոնում՝ կորոնավիրուսի թեստ անցնելու համար: Արդյունքում, ինչպես ուսուցիչները, այնպես էլ ՀԱԿ-ի աշխատակիցները դժգոհ են:
Բանն այն է, որ մինչ դպրոցում դասերը վերսկսելը՝ մայիսի 13-ին, ուսուցիչները պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ: Կրթական ռեսուրս-կենտրոնը նամակներ է գրել դպրոցներին` խնդրելով ուսուցիչներին թեստ հանձնել: Բայց ՀԱԿ-ի հետ համաձայնեցված հստակ ժամանակացույց չի եղել, ուստի ուսուցիչները եկել են նույն ժամին:
Մարդկանց բազմության պարագայում հեռավորությունը չի պահպանվում: Ուսուցիչներն իրենք էլ են բողոքում:
«Եթե նախկինում նույնիսկ չես հիվանդացել, ապա կհիվանդանաս այս հերթերում: Հսկայական թվով մարդիկ պատրաստվում են թեստ հանձնել», – ասում է Ախալքալաքի գյուղերից մեկի ուսուցիչը:
«Առավոտյան 9-ից հերթ ենք կանգնած, գյուղերի ուսուցիչները գալիս են միկրոավտոբուսներով և բոլորն ասում են, որ այս ժամին են հերթագրված, ուղակի սարսափելի է: Ոչ ոք չի ուզում հերթ կանգնել, սա էլ իր հերթին վեճեր է առաջացնում: ՀԱԿ-ն աշխատում է մինչև ժամը 14:00-ն, լավ է հասցրեցի», – ասում է Ախալքալաքի դպրոցներից մեկի ուսուցչուհին, ով չցանկացավ իր անունը տալ:
ՀԱԿ-ից պարզաբանում են, որ խնդիրն առաջացել է Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի կարգավորման պատճառով, որն ուղղորդում է ուսուցիչներին այս երկու օրվա ընթացքում, քանի որ բոլոր դպրոցների ուսուցիչները նախքան դպրոցների բացումը պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ, իսկ սովորական պլանային թեստավորման համար ՀԱԿ-ի աշխատակիցները զանգահարում են ուսուցիչներին՝ ըստ ժամանակացույցի, որպեսզի մարդկանց կուտակումներ չլինեն:
«Մենք դպրոցներին թեստավորման չենք կանչում, եթե կանչում ենք, ապա կոնկրետ ժամերի: Այնուամենայնիվ, Մանուչարը (Ախալքալաքի ռեսուրս-կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը) նամակներ է գրել դպրոցներին, որ գան ժամը 10:00-ին և 14:00-ին: Ինչպե՞ս վարվենք: Այնպես անել, որ հեռավորություն պահպանեն՝ անհնար է: Բոլոր ուսուցիչները միասին էին եկել: Ռեսուրս-կենտրոնը պիտի առանձին ժամերի կանչեր, որպեսզի նման բան տեղի չունենար: Քանի որ նրանք գալիս են գյուղերից, և մենք ցավում ենք, որ ստիպված ենք հետ ուղարկել, որպեսզի նրանց հետո գան, ուստի մենք ստիպված անում ենք: Մենք միշտ թեստը վերցնում ենք մինչև 14:00-ն, այնուհետև պատրաստում ենք զեկույցը: Բայց քանի որ բերել են այդքան շատ մարդու, մենք երեկ թեստավորել ենք մինչև երեկոյան ժամը 6-ը: Ուսուցիչները ստուգվում են յուրաքանչյուր 14 օրը մեկ: Եվ բացի այդ, եկել էին նաև այն ուսուցիչները, ովքեր թեստ էին հանձնել 5 օր առաջ, իսկ այսօր նրանց կրկին ուղարկել էին թեստավորման: Անգամ չեմ կարող թեստի արդյունքը համակարգիչ վերբեռնել, 14 օր պետք է անցնի», – ասում է ՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Սիրուշիկ Տոնականյանը:
Քրիստինե Մարաբյան