Անցյալ տարվանից Ախալքալաքի մունիցիպալ հաստատությունները համավարակի պատճառով փակվել էին, երբ և ինչ պայմաններով դրանք կվերաբացվեն, հայտնի կդառնա առաջիկա օրերի ընթացքում:

Արդեն մեկ տարի է, ինչ Գեղարվեստի, Երաժշտական, Շախմատի դպրոցները, Մարզադպրոցը, ինչպես նաև Ախալքալաքի լողավազանն ու Ապագայի տունը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու սահմանափակումների պատճառով, չեն աշխատում: Այնուամենայնիվ, վերջերս Վրաստանի կառավարությունը մեղմացրել է որոշ սահմանափակումներ, թեպետ մունիցիպալ հաստատությունները, որոնք հիմնականում աշխատում են երեխաների հետ, դեռ չեն բացվել:

«Մենք դեռ կոնկրետ ցուցումներ չենք ստացել: Ամսի 15-ից այդ հաստատությունները պետք է աշխատեն: Աշխատանքի թույլտվությունը կապված է COVID-19-ի զգուշության կանոնների հետ, որոնք պետք է պահպանվեն այդ հաստատություններում: Մենք արդեն հրահանգներ ենք ստացել մանկապարտեզների հետ կապված, նրանք արդեն պատրաստվում են բացմանը: Բացման համար մնացել են մեր բոլոր կազմակերպությունները: Մինչ այդ, որպես բացառություն, մենք թույլ էինք տվել աշխատել մարզահամալիրին, նրանք աշխատում են շուրջ 20 օր է, քանի որ մարզիկները պատրաստվում են Եվրոպայում անցկացվող մրցումներին: Ինչ վերաբերում է լողավազանին, ապա այստեղ ամեն ինչ բարդ է, քանի որ դա կապված է մեծ ծախսերի հետ, ամենայն հավանականությամբ, մենք կհամբերենք մի քանի ամիս ևս, այնուհետև կվերաբացվենք», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանը: