Այսօրվանից վերսկսվել է Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերանորոգչական աշխատանքները։ Ինչքանո՞վ կիրականանա Ախալքալաքի քաղաքապետի խնդրանք-հորդորը, որ վերանորգական աշխատանքները շարունակվեն Ախալքալաքի “վստրեչա” կոչվող հատվածից, որպեսզի քաղաքը մաքուր լինի, դեռ անհայտ է:
«Ճանապարհաշինության վարչություն №1» ընկերությունը այսօրվանից վերսկսել է նշված ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Ըստ ընկերության ներկայացուցչի աշխատանքները սկսվել են Ախալցիխեի կողմից և շարունակաբար կբարձրանան Ախալքալաք, մինչև “վստրեչա” կոչվող հատվածը։
Հատկանշական է, որ ճանապարհի տարբեր հատվածներում մեծ փոսեր են և արդեն անանցանելի է դարձել։
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը խոսել էր Սամցխե-Ջավախքի նահանգապետի հետ, որպեսզի աշխատանքները վերսկսվեին քաղաքից, սակայն վերջին հեռախոսազանգից հետո նրան ասել են, որ աշխատանքներն արդեն սկսվել են, չեն խոսատանում, որ Ախալքալաքից կսկսեն, բայց աշխատանքները շատ արագ կանեն և մինչև սեպտեմբեր կավարտեն։
Հիշեցնենք, որ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել էր սեպտեմբերի երկրորդ կեսից: Ընդհանուր պետք է վերանորոգվի «Կորխիս Ծղալի» կամրջից սկսած ճանապարհի 7 կմ հատվածը: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել 6 638 460.00 լարիի չափով։ Այն շահել էր «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիով:
Տվյալ ծրագրի շրջանակներում՝ 2021 թվականին, Ախալքալաքի կենտրոնում կկատարվի փոսային նորոգում՝ Ազատություն և Դարբինյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհների վերականգնման էլեկտրոնային մրցույթն իրականացնելու վերջնաժամկետը 2 տարի է: