Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել էր, որ ԱՊՀ-ի այն քաղաքացիները, ովքեր անօրինականորեն գտնվում են Ռուսաստանի տարածքում, պետք է հեռանան ՌԴ-ից մինչ հունիսի 15-ը, հակառակ դեպքում նրանց կարող են արտաքսել: Այնուամենայնիվ, մի փոքր ուշ՝ ապրիլի 21-ին, ՌԴ ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է պատժամիջոցներ չկիրառել օտարերկրացիների նկատմամբ, ովքեր Ռուսաստանում մնալու իրավական հիմք չունեն և նույնիսկ օգնել փաստաթղթերը կարգավորելու հարցում:
Այս մասին ասված է ՌԴ ՆԳՆ-ի պաշտոնական էջում տարածված հայտարարության մեջ.
«Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության որոշակի հատվածներում աշխատանքային ռեսուրսների սակավությունը, հնարավոր է օրինականորեն ներգրավել Ռուսաստանում մնացած օտարերկրյա քաղաքացիներին` աշխատելու շինարարության, բնակարանային և կոմունալ ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում: Ռուսաստանի Դաշնության պետական մարմինները, համագործակցելով օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ, միջոցներ են ձեռնարկում` ապահովելու իրենց հայրենակիցների հայրենադարձության հնարավորությունը:
Համաձայն Ռուսաստանի Դաշնության Նախագահի 18.04.2020 թ.-ի № 274 «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետագա տարածման սպառնալիքի հետ կապված՝ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցների մասին» հրամանագրի ՝ այն անձինք, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում միգրացիոն օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով, հնարավորություն են ստանում կարգավորել իրենց իրավական կարգավիճակը` առանց նրանց նկատմամբ կիրառելու նման դեպքում նախատեսված պատժամիջոցները:
Այս առումով, Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու իրավական հիմք չունեցող անձանց խստորեն խորհուրդ է տրվում դիմել իրենց գտնվելու վայրում առկա Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին: Նման քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ որոշում կկայացվի՝ երկարացնել ժամանակավոր կացության, գրանցման վայրում գրանցվելու ժամկետը և կձևակերպվեն համապատասխան թույլտվության փաստաթղթերը»:
Նշենք, որ Ջավախքի բազում բնակիչներ Ռուսաստան են մեկնել տարբեր ճանապարհներով, քանի որ համավարակի պատճառով նրանք չէին կարողացել մեկնել խոպան և իրենց ընտանիքների կարիքներն ապահովում էին պարտքերով ու վարկերով: Համաձայն Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրամանագրի, այժմ այդ մարդիկ կանգնած են երկրից արտաքսման հնարավոր վտանգի առջև: