Այսօր նշվում է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը (World Book and Copyright Day):
Վրաստանում «Նվիրիր գիրք» ակցիան միաձուլվել է տոնի հետ: Այս ավանդույթը երկրում գոյություն ունի գրեթե երկու տասնամյակ: Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հորդորել է քաղաքացիներին միանալ ակցիային՝ նվիրելով գիրք իրենց մտերիմներին:
«Վրաստանում այս օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր, ինչը հրաշալի նախաձեռնություն է գրքեր ընթերցելու մասսայականացման և գրագիտության տեսանկյունից: Գիրքը լավագույն նվերներից մեկն է, որը մենք կարող ենք միմյանց նվիրել որպես հիշատակ», – գրում է Չխենկելին իր ֆեյսբուքյան էջում:
Այսօրվա տոնը նշանավոր է Վրաստանի համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, 2021 թվականի ապրիլի 23-ին, Թբիլիսին պաշտոնապես սկսում է իրականացնել «Աշխարհի գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի լիազորությունները: Քաղաքը, որին շնորհվում է այս պատվավոր կարգավիճակը, պարտավորվում է խթանել գրքերը և անցկացնել տարբեր թեմատիկ միջոցառումներ տարվա ընթացքում: Վրաստանի մայրաքաղաքում նախատեսվում է իրականացնել ավելի քան 100 կրթական, ճանաչողական, ենթակառուցվածքային և մանկական նախագծեր:
1995 թվականին՝ Փարիզում, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր:
ՅՈւՆԵՍԿՕ-ն համապատասխան որոշումն ընդունելիս դրանում նշել է, որ կրթության, մշակութային ավանդույթների զարգազման համար, հաշվի առնելով, որ գիրքը գիտելիքի ամենաշատ օգտագործվող, ամենավստահելի տարածման միջոցն է։ Այս օրվա նպատակն է խրախուսել գրքերի հրատարակումը և տարածումը, խթանել մարդկանց կրթությունը և ավելի խորը պատկերացում կազմել աշխարհի մշակութային ավանդույթների մասին:
Առաջին անգամ Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվել է 1996 թվականի ապրիլի 23-ին:
Ապրիլի 23-ը պատահականորեն չի ընտրված: Այդ օրն են ծնվել հայտնի այնպիսի գրողներ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Նաբոկովը, Մորիս Դրյուոնը, Հալդոուր Լաքսնեսը, Մանուել Մեհիա Վալիեհոն: 1616 թվականի այդ օրն են մահացել համաշխարհային գրականության հանճարներ Միգել դե Սերվանտեսը, Վիլյամ Շեքսպիրը եւ Ինկա Գարսիլասո դե լա Վեգան:
Այս օրվա առթիվ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում ամեն տարի կազմակերպվում են գրքերի ցուցահանդեսներ և տոնավաճառներ, դասական ստեղծագործությունների հանրային ընթերցումներ և այլ մշակութային ու կրթական միջոցառումներ: