Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կօգնի Վրաստանին հաղթահարել տնտեսական ճգնաժամը և վերականգնել տնտեսական զարգացման բարձր տեմպերը հետճգնաժամային շրջանում։ Այս մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Վրաստանը ՎԶԵԲ-ի ներդրումների ամենամեծ ստացողներից մեկն է: Մինչ օրս երկրում 4 միլիարդ եվրո է ներդրվել ավելի քան 250 նախագծերում, այդ թվում՝ 87%-ը մասնավոր սեկտորում:

ՎԶԵԲ-ը կարեւոր դեր է խաղում վրացական տնտեսության վերականգնման գործում: 2020 թվականին բանկն ընդհանուր առմամբ 630 միլիոն եվրո է ներդրել Վրաստանում անցկացվող 16 նախագծերում, ինչը երկու անգամ ավելի է 2019-ի ծավալից: Բանկը տրամադրել է արտակարգ իրացվելիություն և շրջանառու կապիտալ` մասնավոր սեկտորի կենսունակ ընկերություններին աջակցելու համար:

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մաթեո Պատրոնեի հետ քննարկել է Վրաստանի և Եվրոպական բանկի միջև համագործակցության հարցեր:

Հանդիպումն անցել է հեռակա ձևաչափով, որին մասնակցել է նաև ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը:

Կողմերը դրական են գնահատել այն նախագծերը, որոնք Եվրոպական բանկի աջակցությամբ երկրում դեռ ընթանում են կամ արդեն իրականացվել են:

Խուցիշվիլին դոնոր կազմակերպության ներկայացուցիչներին տեղեկացրել է երկրի տնտեսական ներկայիս իրավիճակի և դրա վերականգնման հեռանկարների մասին՝ հաշվի առնելով համաշխարհային մարտահրավերները: Նա հույս է հայտնել, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Բանկի հետ համագործակցության ռազմավարական ծրագիրը կլինի նույնքան արդյունավետ և հաջող, որքան գործողը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկրի համար առաջնահերթ ոլորտների ֆինանսավորման կարևորությանը, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը, տեղական կապիտալի շուկայի ամրապնդմանը, ենթակառուցվածքներին ու քաղաքային տրանսպորտին և այլն: