Transparency International Georgia-ն (TI) հրապարակել է զեկույց, ըստ որի, Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների 11 աշխատակիցների մոտ հայտնաբերվել են լրացված հայտարարագրերում խախտումներ, ինչպես նաև «Պետական հաստատություններում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքի խախտումներ:

Ներկայացնում ենք TI-ի զեկույցում հրապարակված տվյալները:

Ստեփան Եզոյան

Ախալքալաքի քաղաքապետարանի վարչական ծառայության պետ

Ստեփան Եզոյանը 2020-ի օգոստոսին լրացված հայտարարագրում նշել է, որ իր կինը՝ Ջեմմա Կարոյանը, «Ջավախքի մասնագիտական քոլեջ» (ՍՊԸ) կազմակերպության տնօրենն է, սակայն չի նշել, որ վերջինս տիրապետում է նույն ընկերության բաժնետոմսերի 90%-ին:

Բացի այդ, Եզոյանը չի նշել, որ իր դուստրը՝ Սաթենիկ Եզոյանը, 2017-ի նոյեմբերից անհատ ձեռներեց է:

Ռոզա Յորդանյան

Ախալքալաքի քաղաքապետարանի գնումների ծառայության պետ

Հայտարարագրում, որը լրացվել է 2020 թվականի սեպտեմբերին, Ռոզա Յորդանյանը չի նշել, որ իր ամուսինը՝ Վլադիմիր Գոգոլաձեն, 2014 թ.-ի փետրվարից «Էլգի» ՍՊԸ-ի տնօրենն է, և 100% բաժնետոմսերի սեփականատերը:

Մագդա Ամիրշադյան

Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ

Մագդա Ամիրշադյանն աշխատում է նաև Ախալքալաքի մեծահասակների համար կրթական կենտրոնում՝ որպես հաշվապահ, ինչը «Պետական հաստատություններում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքի համաձայն անհամատեղելի գործունեություն է համարվում:

Արտաշես Աբգարյան

Ախալքալաքի քաղաքապետարանի Ներքին աուդիտի և տեսչական ծառայության պետ

Արտաշես Աբգարյանն իր հայտարարագրում, որը լրացվել է 2020 թվականի մայիսին, չի նշել, որ ինքը 2011 թվականից ի վեր գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր:

Ռուբեն Աբաջյան

Ախալքալաքի քաղաքապետարանի զինվորական հաշվառման եւ զորակոչային ծառայության պետ

Ռուբեն Աբաջյանն իր հայտարարագրում, որը լրացվել է 2020 թվականի սեպտեմբերին, չի նշել, որ իր կինը՝ Ասյա Աբաջյանը, 2001 թվականից ձեռնարկատեր է հանդիսանում:

Ռուբեն Աբաջյանի հայտարարագրերի համաձայն՝ նա 2018 թվականից նաև աշխատում է Victoria Security-ում՝ որպես մենեջեր, ինչը անհամատեղելի գործունեություն է «Պետական հաստատություններում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքի համաձայն:

Գայոզ Լոմսաձե

Ախալքալաքի շրջանային ժողովի (Սակրեբուլո) նախագահի տեղակալ

Գայոզ Լոմսաձեն, ով Սակրեբուլոյի փոխնախագահն է, «Մեեկի» ՍՊԸ-ում աշխատում է նաև որպես ֆինանսական մենեջեր: Նա
հայտարարագրի մեջ նշել է այս տեղեկատվությունը, որն անհամատեղելի գործողություն է «Պետական հաստատություններում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքի համաձայն:

«Մեեկի» ՍՊԸ-ն պատկանում է Նինոծմինդա-Ախալքալաքի շրջանից նախկին մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին: 2010 թվականից Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալ հաստատությունները պարզեցված սխեմայի համաձայն վառելիք էին գնում «Մեեկի» ՍՊԸ-ից: Transparency International Georgia-ն (TI) այս ընկերության հետ կապված կոռուպցիայի հնարավոր դեպքերի մասին գրել էր 2020 թվականի հունվարին: Գայոզ Լոմսաձեն՝ նախքան Սակրեբուլոյի անդամ դառնալը, «Մեեկի» ՍՊԸ-ի տնօրենն էր:

Կոբա Գոխաձե

Ախալքալաքի Սակրեբուլոյի «Վրացական երազանք-կանաչներ» խմբակցության նախագահ

Կոբա Գոխաձեն իր հայտարարագրում, որը լրացվել է 2021 թվականի մարտին, չի նշել, որ ինքը 2010 թ.-ից հանդիսանում է անհատ ձեռներեց: Նա չի նշել նաեւ, որ իր որդին՝ Զուրա Գոխաձեն 2018 թվականից նույնպես անհատ ձեռներեց է:

Սեդա Մելքումյան

Ախալքալաքի Սակրեբուլոյի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ

Սեդա Մելքումյանը Սակրեբուլոյում իր պաշտոնի հետ մեկտեղ, ղեկավարում է նաև երկու կազմակերպություն (շահույթ չհետապնդող, ոչ կոմերցիոն իրավաբանական անձ)՝ «Սամցխե-Ջավախքի ժողովուրդների բարեկամություն» և «Քաղաքացիական կրթությունն իրավական պետության համար»: Սա անհամատեղելի գործունեություն է «Պետական հաստատություններում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքի համաձայն:

Նա այդ տեղեկատվությունը չի գրել իր 2021 թվականի հունվարի հայտարարագրում:

Սիփան Շիպակցյան

Սակրեբուլոյի մանդատների, իրավական և ընթացակարգային հարցերի և էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ

2021-ի հունվարին լրացված իր հայտարարագրում Սիփան Շիպակցյանը չի նշել, որ իր հայրը՝ Պավել Շիպակցյանը և մայրը՝ Քիշմիշ Ծոռմուտյանը, 2016 թվականին հիմնադրել են «Ազավրեթի» կոոպերատիվը և հանդիսանում են դրա տնօրենները: Ավելին, նա հայտարարագրում չի նշել, որ իր մայրը 2007 թվականից նաև անհատ ձեռներեց է:

Անդրանիկ Մուրադյան

Ախալքալաքի Սակրեբուլոյի մունիցիպալ սեփականության, բնական պաշարների և ագրարային հարցերի կառավարման հանձնաժողովի նախագահ

Անդրանիկ Մուրադյանը 2020 թվականի դեկտեմբերին լրացված հայտարարագրում չի նշել, որ ինքը «Ռուբեն 2014» կոոպերատիվի տնօրենն է: Նա նաև չի նշել, որ իր որդին՝ Ռուբեն Մուրադյանը, անհատ ձեռներեց է:

Սարգիս Մելիքյան

Ախալքալաքի Սակրեբուլոյի սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ

Իր հայտարարագրում, որը լրացվել է 2021 թվականի հունվարին, Սարգիս Մելիքյանը չի նշել, որ իր եղբոր՝ Գեւորգ Մելիքյանի հետ միասին հիմնել են «Միմոզա» կոոպերատիվը: Գևորգ Մելիքյանն այդ կոոպերատիվի տնօրենն է:

Բացի այդ, Մելիքյանը չի նշել, որ իր եղբայրը՝ Գևորգ Մելիքյանը, հայրը՝ Աշոտ Մելիքյանը և մայրը՝ Անահիտ Մելիքյանն անհատ ձեռներեցներ են:

Հարկ է նշել, որ Ախալքալաքի քաղաքապետարանը՝ «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում, 2019 թ.-ին Գեւորգ Մելիքյանի հետ ստորագրել է պարզեցված գնումների պայմանագիր ՝ 19 999 լարիի չափով:

Transparency International Georgia-ն (TI) ուսումնասիրել է Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետների 2020-2021 թվականների 144 աշխատողների հայտարարագրերը: Խախտումներ և անճշտություններ են արձանագրվել 49 հայտարարագրերում: Բացահայտվել է նաև անհամատեղելի գործունեության 27 դեպք: TI-ից նաև նշում են այն փաստի կարևորության մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված ընկերությունները ներգրավված են պետական գնումների մեջ: