նորություններ 29 Օգոստոսի, 2026 • Ախալքալաքի բյուջեի կատարողականը․ ենթակառուցվածքային ծրագրերը հետ են մնում

Օգոստոսի 27-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի  Սակրեբուլոյի նիստի ժամանակ քաղաքապետարանի Ֆինանսական ծառայությունը ներկայացրեց 2026 թվականի բյուջեի առաջին 6 ամիսների կատարողականը։ Ներկայացված տվյալների հիման վրա՝ ամենաթույլ ուղղությունը ենթակառուցվածքների զարգացումն է։

Զեկույցում ներկայացված են բյուջեի կատարման հիմնական ցուցանիշները՝ եկամուտները, վճարումները, բյուջետային հաշվեկշռի փոփոխությունները, պլանային և փաստացի ցուցանիշները, ինչպես նաև տեղեկություններ համայնքային ծրագրերի և ենթածրագրերի իրականացման վերաբերյալ։

«Վեց ամսվա կտրվածքով նախատեսված բյուջեի եկամտային մասը կազմում է 41 216,9 լարի, — իր խոսքը սկսեց ֆինանսական ծառայության ղեկավար Կարեն Մերգելյանը, — որից տեղական բյուջեի մասնաբաժինը կազմում է 33 313 000 լարի։ Պետական բյուջեից և հիմնադրամներից՝ 8 903 900 լարի։ Այսինքն՝ եկամուտների մասով մենք ունենք 55,5% կատարողական, ինչը համապատասխանում է վեց ամսվա ժամանակահատվածին»։

Համաձայն զեկույցի՝ եկամուտների կատարման տոկոսային ցուցանիշները հետևյալն են․ ավելացված արժեքի հարկը՝ 47,2%, գույքահարկը՝ 101,8%, գյուղատնտեսական նշանակության հողերից ստացված եկամուտը՝ 41,0%։

Տեղական բյուջեի մասով կատարողականը կազմում է 31,3%, ռենտային վճարների մասով՝ 55,4%, վարչական վճարների՝ 50,6%, թույլտվությունների համար գանձվող վճարների՝ 50,6%, խաղային բիզնեսից ստացվող եկամուտների՝ 51,2%, աղբահանության վճարների՝ 33,3%, տուգանքների՝ 84,1%։

Ոչ ֆինանսական ակտիվներից ստացված մուտքերի կատարողականը կազմում է 15,1%։

Ծախսերի մասով բյուջեի կատարողականը կազմում է մոտ 50%։

Կատարողականի պատկերը հետևյալն է․

  • կառավարման և ընդհանուր նշանակության ծախսեր՝ 39,9%,
  • ենթակառուցվածքների զարգացում՝ 15,1%,
  • շրջակա միջավայր և մաքրություն՝ 49,6%,
  • կրթություն՝ 36,7%,
  • մշակույթ, երիտասարդություն և սպորտ՝ 45,4%,
  • առողջապահություն և սոցիալական պաշտպանություն՝ 57,0%։

Համայնքային հիմնարկների բյուջեի կատարման մասով ցուցանիշները հետևյալն են․

  • Մանկապարտեզների միավորում՝ 40%,
  • Հանրային դպրոցների ֆինանսավորում՝ 23,8%,
  • Մարզադպրոցի ֆինանսավորում՝ 58,2%,
  • Շախմատի դպրոց՝ 45,8%,
  • Սպորտային համալիր՝ 48,7%,
  • Քաղաքային լողավազան՝ 57,5%,
  • Գրադարանների միավորում՝ 22,4%,
  • Ակումբների միավորում՝ 42,3%,
  • Երաժշտական դպրոց՝ 49,7%,
  • Արվեստի դպրոց՝ 49,1%,
  • Ազգագրական թանգարան՝ 49,1%,
  • Աշուղական դպրոց՝ 46,1%,
  • Ապագայի տուն՝ 43,3%,
  • Տեղեկատվական ծրագիր՝ 23,9%։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում բյուջեի կատարմանը։

  • սոցիալական պաշտպանություն՝ 59,7%,
  • վիրահատությունների և հիվանդությունների հետ կապված ծախսերի փոխհատուցում՝ 62,3%,
  • նորածիններին տրամադրվող ֆինանսական օգնություն՝ 44,4%,
  • միանգամյա օգնության տրամադրում՝ 63,9%,
  • բնակարանային պայմանների բարելավման նպատակով ֆինանսական օգնություն՝ 86,3%,
  • բազմազավակ ընտանիքներին տրամադրվող օգնություն՝ 55,4%,
  • դեղորայքի ձեռքբերման համար ֆինանսական օգնություն՝ 46,3%։

Պատգամավորների կողմից հարց հնչեց այն մասին, թե ինչով է պայմանավորված ենթակառուցվածքային ծրագրերի բյուջեի կատարման ցածր տոկոսը։ Կարեն Մերգելյանը պատասխանեց, որ ցուցանիշը ցածր է այն պատճառով, որ ծրագրերի մի մասն իրականացվել է ուշացումով, ինչպես նաև այն պատճառով, որ որոշ աշխատանքներ դեռևս ընթացքի մեջ են։ Սակրեբուլոն բյուջեի կատարումը գնահատեց բավարար։

Ընդհանուր առմամբ, համայնքի բյուջեն կատարվում է բավարար մակարդակով։ Եկամուտները կայուն են մուտքագրվում, իսկ սոցիալական և առողջապահական ծրագրերն իրականացվում են բավական ակտիվորեն։ Հիմնական խնդիրը կապված է ենթակառուցվածքային ծրագրերի հետ․ աշխատանքների մի մասը մեկնարկել է ուշացումով, իսկ որոշ ծրագրեր դեռևս գտնվում են իրականացման փուլում։ Սա կարող է հանգեցնել հիմնական ծախսերի տեղափոխմանը տարվա երկրորդ կես։

Միաժամանակ նկատելի են համայնքային հիմնարկների ֆինանսավորման տեմպերի տարբերություններ․ որոշ ծրագրեր իրականացվում են ակտիվորեն, մինչդեռ մյուսները դեռևս զգալիորեն հետ են մնում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝