Վրաստանի Մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանիի, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպել էր ճաշկերույթ Օզուրգեթի քաղաքի (Գուրիայի շրջան) ռեստորաններից մեկում «պարետային ժամի» ընթացքում: Այս մասին հայտնում է «Մթավարի» հեռուստաալիքը:
Ընթրիքը, որին ներկա է եղել շուրջ 30 մարդ, տեղի է ունեցել Օզուրգեթիի նախկին քաղաքապետ Բեգլար Սիորիձեին պատկանող հյուրանոցի ռեստորանում: Բացի Ծուլուկիանիից, հացկերույթին մասնակցում են Օզուրգեթիի մունիցիպալիտետի փոխքաղաքապետը, Գուրիայի շրջանի նահանգապետ Գիորգի Սախոկիան, ռեժիսոր և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վասիլ Չիգոգիձեն («Վրացական երազանքի» թեկնածու էր առաջադրվել Օզուրգեթի-Լանչխութի-Չոխատաուրի մեծամասնական շրջանում), դերասաններ և Օզուրգեթիի դրամատիկական թատրոնի ղեկավարությունը:
«Պիրվելի» հեռուստաալիքը նշում է, որ ընթրիքին նախորդել է Ծուլուկիանիի եւ թատերախմբի հանդիպումը: Ապրիլի 14-ին նախարարը ներկա է գտնվել նրանց նոր ներկայացման գլխավոր փորձին:
Ճաշկերույթի մասնակիցներին ֆիքսել են միանգամից մի քանի վրացական հեռուստաընկերությունների տեսախցիկներ: Լրագրողները ոստիկանությանը ծանուցել են կովիդ-կանոնակարգը խախտելու մասին՝ զանգահարելով «112»: Դեպքի վայրում են հայտնվել Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները, սակայն, ըստ «Մթավարիի» փոխանցման, նրանք լրագրողներին բացատրել են, որ իրենց գալը կապված չէ հյուրանոցում անցկացվող հացկերույթի հետ:
Ինքը՝ Ծուլուկիանին, հեռուստախցիկների հայտնվելուց անմիջապես հետո շուտափույթ հեռացել էր ռեստորանից: Դեպքի կապակցությամբ առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել ո՛չ Մշակույթի նախարարությունից, ո՛չ էլ ՆԳՆ-ից:
Վրաստանում 2020-ի նոյեմբերից ուժի մեջ են փողոցում քայլելու և մեքենա վարելու սահմանափակումները: Ֆիզիկական անձանց համար «պարետային ժամը» խախտելու համար նախատեսվում է 2 հազար լարիի չափով տուգանք, իսկ իրավաբանական անձանց համար` 10 հազար:
Այս պահի դրությամբ, Վրաստանում արգելվում է նաև ավելի քան 10 հոգու մասնակցությամբ սոցիալական միջոցառումների անցկացումը: Ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է տարածք տրամադրել հանրային միջոցառումների, հարսանիքների, հոգեհացերի և տարեդարձերի անցկացման համար: