Սեպտեմբերի 2-ին, Թբիլիսիում կայացել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որի ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ Դավթյանը։ Հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին Արցախին և արցախցիներին` մաղթելով ոգու ամրություն և տոկունություն` նման ծանր պայմաններին դիմագրավելու համար:
Միաժամանակ ներկաների կողմից ընդգծվել է Վրաստանի լրատվականների կողմից Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ոչ բավարար լուսաբանման փաստը:
Քննարկման ավարտին թբիլիսահայերը Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում հանրահավաք են անցկացրել՝ ի աջակցություն Արցախի և արցախահայության։
Արդեն 9 ամիս Ադրբեջանի կողմից պաշարված Լեռնային Ղարաբաղում հումանիատար աղետ է սկսվել։ Ադրբեջանը արգելափակել է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով։
Լուսանկարները Jnews-ին է տրամադրել «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։