Վրաստանում 43 դպրոց և առանձին 174 դասարան շարունակում են դասերը հեռավար ուսուցման տարբերակով: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Դպրոցականները հեռավար ուսուցման են անցնում ծնողների խնդրանքով կամ այնտեղ կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելուց հետո: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կա շուրջ 2,3 հազար պետական և մասնավոր դպրոց:
Մեկ շաբաթ առաջ, ապրիլի 4-ի դրությամբ, հեռավար ուսուցմամբ դասապրոցեսն ընթանում էր 37 դպրոցներում և 117 առանձին դասարաններում:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշակերտների և ուսուցիչների շրջանում հիվանդացության մակարդակը փոքր-ինչ նվազել է: Անցած շաբաթվա ընթացքում Covid-19-ը հաստատվել է դպրոցականների 0,04%-ի մոտ: Ինչ վերաբերում է դպրոցների ուսուցիչներին և վարչական անձնակազմին, ապա այստեղ հիվանդացության դեպքերը կազմել են 0,2%:
Համեմատության համար նշենք, որ անցյալ շաբաթ կորոնավիրուս ախտորոշվել է ուսուցիչների 0,1%-ի և աշակերտների 0,03%-ի մոտ:
Ավելացել է ռիսկային խմբի ուսուցիչների թիվը, ովքեր ցանկություն են հայտնել հեռավար ռեժիմով աշխատել: Այս փուլում ողջ երկրում 98 ուսուցիչներ հեռավար ռեժիմով են դասերն անցկացնում:
Դպրոցականների կամ ուսուցիչների մոտ Covid-19-ը հաստատելու դեպքում ուսումնական հաստատությունները կշարունակեն կիրառել կետային սահմանափակումներ՝ կա՛մ ամբողջ դպրոցը, կա՛մ կոնկրետ դասարանը կանցնի հեռավար ուսուցման: