նորություններ • 28 Սեպտեմբերի, 2026 • Թիվ 5 դպրոցը ե՞րբ կվերանորոգվի․ աշակերտները հաճախում են այլ դպրոց

Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցն արդեն մեկ շաբաթ է իր ուսումնական գործունեությունը շարունակում է թիվ 1 հանրային դպրոցում՝ երկրորդ հերթափոխով։ Դասապրոցեսի տեղափոխությունը կապված է թիվ 5 դպրոցի շենքում նախատեսվող վերանորոգման աշխատանքների հետ։

iner1

Jnews-ը փորձեց պարզել, թե ինչպես է կազմակերպվում ուսումնական գործընթացը ժամանակավորապես թիվ 1 դպրոցում, ինչպես նաև՝ ե՞րբ են մեկնարկելու թիվ 5 դպրոցի վերանորոգման աշխատանքները և որքա՞ն կտևեն դրանք։

Թիվ 5 հանրային դպրոցի տնօրեն Նազիկ Մոսոյանի խոսքով՝ դպրոցն արդեն մեկ շաբաթ է գործում է թիվ 1 դպրոցում, ուսումնական գործընթացը աստիճանաբար կարգավորվում է։

«Արդեն մեկ շաբաթ է՝ մենք թիվ 1 դպրոցում ենք, հունի մեջ ենք ընկնում։ Դպրոցի վերանորոգման հետ կապված մանրամասներին չեմ տիրապետում», — ասաց տիկին Նազիկը:

Jnews-ն այս հարցի վերաբերյալ զրուցեց նաև Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի հետ։

«Նախարարությունից տեղեկացանք, որ արդեն սկսելու են վերանորոգել թիվ 5 դպրոցը։ Մենք այլ ինֆորմացիա չունենք», — ասաց Թերեզա Չիվչյանը։

inter2

Թիվ 5 դպրոցի վերանորոգման աշխատանքների մանրամասների հետ կապված Jnews-ը դիմեց նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Արա Մովսեսյանին՝ աշխատանքների ծավալների, նախատեսված ֆինանսավորման և ժամկետների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։

Արա Մովսիսյանի խոսքով՝ այս փուլում դպրոցում իրականացվել են գույքի և ինվենտարի տեղափոխման աշխատանքներ, իսկ աշակերտների դասապրոցեսը շարունակվում է թիվ 1 դպրոցում։

«Տեղյակ եմ, որ թիվ 5 դպրոցում արդեն կատարվել են գույքի և ինվենտարի տեղափոխման աշխատանքներ, դասապրոցեսը շարունակվում է թիվ 1 դպրոցում, բայց քանի որ վերանորոգման աշխատանքները մեր լիազորությունների մեջ չեն, այլ մանրամասների չեմ տիրապետում», — ասաց Արա Մովսիսյանը։

Այսպիսով, այս պահին թիվ 5 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ուսումնական գործընթացը շարունակում են թիվ 1 դպրոցում՝ երկրորդ հերթով, մինչդեռ թիվ 5 դպրոցի շենքը պատրաստվում է վերանորոգման աշխատանքների մեկնարկին։

Jnews-ը շարունակում է տեղեկություններ հավաքել թեմայի վերաբերյալ և վերանորոգման աշխատանքների մասին նոր մանրամասների հայտնի դառնալուն պես կանդրադառնա թեմային։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝