Ոստիկանները թույլ չեն տվել «պարետային ժամի» վերացումը պահանջող ձեռնարկատերերին Թբիլիսիի կենտրոնում գտնվող Կառավարական տան մոտ վրաններ տեղադրել: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:
Մոտ երկու տասնյակ մարդ հավաքվել էին Վրաստանի կառավարության վարչակազմի մոտ` մանկական զվարճանքի կենտրոնների, հյուրանոցների, հասարակական սննդի օբյեկտների և տուր-օպերատորների սեփականատերեր: Նրանց հիմնական պահանջն է անհապաղ վերացնել տեղաշարժման արգելքը ժամը 21:00-ից մինչև 5:00-ն:
Ցուցարարները փորձել են տեղում երկու վրան տեղադրել, բայց ՆԳՆ աշխատակիցները առգրավել են դրանք: Ակցիայի ընթացքում որոշ ժամանակ աղմկոտ էր: Ոստիկանները ցուցարարներին կոչ էին անում հանդարտվել՝ խոստանալով մի փոքր անց վրանները վերադարձնել նրանց:
«Մենք փաստացի արդեն մեկ տարի մեկ ամիս է փակ ենք, և չկան կանխատեսումներ, թե երբ կկարողանանք ամբողջությամբ աշխատել կամ գոնե քիչ թե շատ նորմալ ծանրաբեռնվածությամբ: Ես պահանջում եմ վերացնել պարետային ժամը և կանխատեսվող պայմանները: Եթե «պարետային ժամը» պետք է լինի, ապա այն թող կապվի վարակվածների թվի հետ», – իր մեկնաբանության մեջ լրագրողներին ասել է հյուրանոցի սեփականատեր Գուրամ Գոգիշվիլին:
Գործարարները մտադիր են մնալ Կառավարության տան մոտ, մինչդեռ իշխանությունները չպատասխանեն նրանց պահանջներին: Նրանք նաև կոչ են արել քաղաքական և հասարակական գործիչներին աջակցել իրենց բողոքը:
Վրաստանում 2020-ի նոյեմբերից ուժի մեջ են գիշերային ժամերին փողոցում քայլելու և մեքենա վարելու սահմանափակումները: Ֆիզիկական անձանց համար «պարետային ժամը» խախտելու համար նախատեսվում է 2 հազար լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց համար՝ 10 հազար:
Ներկայումս Վրաստանում արգելվում է նաև ավելի քան 10 հոգու մասնակցությամբ սոցիալական միջոցառումների անցկացումը: Ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է տարածք տրամադրել մասսայական միջոցառումների, հարսանիքների, հոգեհացերի և տարեդարձերի նպատակով:
Շաբաթ և կիրակի օրերին բոլոր սննդի օբյեկտներն աշխատում են միայն առաքմամբ: Մեկ այլ սահմանափակում էլ համընդհանուր դիմակային ռեժիմն է:
Հիշեսնենք, որ Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել տաս օրով երկարացնել Զատկական արձակուրդները: Մայիսի 4-ից մայիսի 11-ը հայտարարվել են ոչ աշխատանքային: Արդեն գործատուներին խորհուրդ է տրվել իրենց աշխատողներին տեղափոխել հեռավար աշխատանքային ռեժիմի: