2021 թվականի ապրիլի 12-ը Վրաստանի կառավարության եվրապարտատոմսերի գծով 500 միլիոն դոլար գումարի 10-ամյա պարտքը մարելու վերջնաժամկետն է:
Պարտատոմսերը միջազգային շուկայում տեղադրվել են 2011 թ.-ին՝ նպատակ ունենալով վերաֆինանսավորել պարտատոմսերը, որոնք կառավարության կողմից վերցվել էին 2008 թ.-ին: Հիմա ժամանակն է մարել այս պարտքը, որը, հավանաբար, կվերաֆինանսավորվի նոր պարտատոմսերի օգնությամբ:
2021 թվականի փետրվարի 26-ին Ֆինանսների նախարարությունը հանձնարարել է ներդրումային բանկերին սկսել եվրապարտատոմսերի թողարկումը: Դրանց վաճառքի համար ընտրվել են 10 միջազգային ներդրումային բանկեր և հիմնադրամներ, այդ թվում են համաշխարհային հիմնադրամային շուկայի այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են՝ «JP Morgan»-ը, «Goldman Sachs»-ը և «ICBC»-ն:
Ֆինանսների նախարարությունը մտադիր է նաև պարտատոմսերը վաճառքի հանել ներքին շուկայում, և այս գործին կներգրավվեն վրացական «Galt&Taggart» և «TBC Capital» ներդրումային ընկերությունները:
Այս փուլում աշխատանքներ են տարվում միջազգային հիմնադրամային բորսաներում պարտատոմսեր տեղադրելու ուղղությամբ, և ըստ առկա ոչ պաշտոնական տվյալների, առաջիկա օրերին այդ կապակցությամբ հատուկ հայտարարություն կկատարվի:
Նոր պարտատոմսերը թողարկվում են 10 տարի ժամկետով, բայց դրանք միայն նախնական տվյալներ են: Վերջնական պարամետրերը կախված են շուկայական վիճակից և պոտենցիալ հաճախորդների պահանջարկից: Ըստ այդմ, չի բացառվում, որ պարտատոմսերի մարման ժամկետը լինի 10 տարուց պակաս:
Միևնույն ժամանակ, տոկոսադրույքը նույնպես զգալիորեն ցածր կլինի, քան 2008 և 2011 թվականներին էր:
Ըստ «Galt&Taggart»-ի գործադիր տնօրեն Մերի Չաչանիձեի, նախնական հաշվարկներով, պարտատոմսերի տոկոսադրույքը տարեկան կկազմի 4%, սակայն դա դեռ վերջնական որոշումը չէ:
«Երբ ներդրողները ֆիքսում են պահանջարկը, Ֆինանսների նախարարությունը, ելնելով շուկայում տրամադրությունների ակնկալիքից, որոշում է կայացնում տոկոսադրույքի առթիվ, և, ամենայն հավանականությամբ, այն կտատանվի տարեկան մոտ 4%-ի սահմաններում», – ասել է նա:
Ըստ ընդդիմության ներկայացուցչի` Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեի, նոր եվրապարտատոմսերի թողարկման աշխատանքները սկսվել են ուշացումով, և, ամենայն հավանականությամբ, Ֆինանսների նախարարությունը չի հասցնի ժամանակին դուրս բերել արժեթղթերը, դրանցից ստանալ անհրաժեշտ գումարը և ժամանակին կատարել ներդրողների առջև ստանձնած պարտավորությունները:
Ելնելով դրանից, նախկին պաշտոնյայի կածիքով, ներկայիս իրավիճակում կառավարությանը այլ բան չի մնում, քան Ազգային բանկի պահուստներից մարել 500 միլիոնանոց պարտքը:
«Դա կհանգեցնի Ազգային բանկի արժութային պահուստների զգալի կրճատման, և սա այն իրավիճակում, երբ արտաքին պարտքը հասել է պատմական առավելագույնի: Կարգավորողը փորձում է խուսափել արտարժույթի միջամտություններից` ազգային արժույթի փոխարժեքը պահելու համար, սակայն դրա հետ մեկտեղ, եվրապարտատոմսերով պարտքը մարելու համար այն ստիպված կլինի ծախսել 500 միլիոն: Հետևաբար, տարիների ընթացքում կուտակված արտարժույթի պահուստները ընդամենը մի քանի օրվա ընթացքում կկրճատվեն 500 միլիոն դոլարով», – հայտարարել է Ռոման Գոցիրիձեն: