Վրաստանի բոլոր արգելոցները, արգելավայրերը և ազգային պարկերը կվերսկսեն իրենց աշխատանքը մայիսի 26-ից: Այս մասին հայտնում է Պաշտպանված տարածքների գործակալությունը:
Գործակալությունը տեղեկացնում է Վրաստանի ամենահայտնի բնական հուշարձանների այցելակենտրոնների նոր աշխատանքային ժամանակացույցի մասին: Պրոմեթեւսի և Սաթափլիայի քարանձավները (Իմերեթի շրջան), Մարտվիլի կիրճը և Օկացեի ջրվեժը այցելուներին կընդունեն ամեն օր՝ ժամը 10:00-18:00:
Զբոսաշրջիկներից պահանջվում է պահպանել անվտանգության միջոցները և որոշակի սահմանափակումներ, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Փակ տարածքներում և նույնիսկ քարանձավներում նրանք պետք է բժշկական դիմակ կրեն: Քաղաքացիներին կոչ են անում հետևել, որ դիմակը ճիշտ կրեն և այն ծածկի ոչ միայն բերանը, այլ նաև քիթը:
Այցեկենտրոններում միաժամանակ թույլատրվում է գտնվել ոչ ավելի, քան հինգ այցելուի:
Անհրաժեշտ է պահպանել 2 մետր անվտանգ հեռավորություն, նույնիսկ բաց երկնքի տակ:
Բացի հատուկ կանոններից, կան նաև ընդհանուր ուղեցույցներ անձնակազմի և այցելուների համար: Քաղաքացիներին հիշեցնում են, որ հաճախակի պետք է լվանալ ձեռքերը և մշակել ախտահանիչ հեղուկով, փռշտալիս կամ հազալիս քիթը և բերանը ծածկել, փորձել ավելորդ անգամ չդիպչել դեմքին, խուսափել հազացող և փռշտացող մարդկանց հետ սերտ շփումից, հրաժարվել էքսկուրսիաներից՝ վատ ինքնազգացողության դեպքում:
Խորհուրդ է տրվում տոմսեր գնել հեռակա կարգով՝ Պաշտպանված տարածքների գործակալության կայքում կամ անմիջապես այցելակենտրոններում` օգտագործելով անկանխիկ վճարման միջոցները:
Վրաստանի պահպանվող տարածքների մեծ մասը դադարեցրել էր այցելուներին ընդունել 2020-ի աշնանը՝ կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ֆոնին: Այդ ժամանակ COVID-19 վարակի նոր դեպքերի օրական թիվը հասնում էր երկու-երեք հազարի:
2019 թ.-ին Վրաստանի պահպանվող տարածքներ է այցելել ավելի քան 1 միլիոն այցելու: Առավել հայտնի էին Կազբեգիի ազգային պարկը, Մարտվիլիի կիրճը և Պրոմեթեւսի քարանձավները: