Ախալքալաքի հոսպիտալի մենեջերը և բժիշկները «Կյանքի դեսպաններ» մրցույթի հաղթողներ են։ Մրցույթն անցկացվել է Էվեքսի հոսպիատլների ցանցում, որի նպատակն է բացահայտել ամենահետաքրքիր և հաջողակ բժշկական դեպքերը, ինչպես նաև մրցույթի մասնակից բժիշկների ներկայացումն ու գնահատումը: Ախալքալաքի հոսպիտալից մրցույթին ներկայացել էր երկու անվանակարգում և երկուսում էլ հաղթել։
Նախագիծը նախատեսված էր միայն Էվեքսի հոսպիտալների ցանցում գործող հիվանդանոցների աշխատակիցների համար։ Մրցույթն անցկացվում էր հետևյալ անվանակարգերում՝
Տարվա նորարար բժիշկ/առաջին անգամ Վրաստանում,
Տարվա էքստրեմալ որոշում/էքստրեմալ կառավարում,
Տարվա ուսուցիչ,
Տարվա ախտորոշում,
Տարվա փրկած կյանք,
Տարվա փրկած կյանք (մանկաբուժություն),
Տարվա թիմ/թիմային աշխատանքի օրինակ և
«Ժողովրդի ընտրյալ»։
«Կորպորացիայի մեջ առաջին անգամ, ամբողջ կորպորացիայում ընդգրկված հիվանդանոցների մեջ հայտարարվել էր մրցույթ տարբեր անվանակարգերում։ Ինչպես բոլորիս հայտնի է, Էվեքսի կորպորացիան այսօրվա դրությամբ Վրաստանի ամենախոշոր կազմակերպությունն է, որի մեջ ընդգրկվում է բազմաթիվ հիվանդանոցներ, հոսպիտալներ և ամբուլատոր այլ կլինիկական ծառայություններ։ Մենք 2019 և 2020 թվականներին ներկայացրել էինք երկու անվանակարգում՝ «Տարվա հետաքրքիր ու բարդ ախտորոշում» վիրահատություն, և «Ժողովրդի ընտրյալ», – ասում է Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
«Ժողովրդի ընտրյալ» անվանակարգում Ախալքալաքի հոսպիտալը ներկայացրել էր անցալ տարի Գումբուրդոյի երեք երիտասարդների դանակահարության դեպքը, երբ երեք երիտասադի սրտի վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ: Վիրահատությանը մասնակցել են բժիշկներ՝ Սուրեն Կարապետյանը, Ռաֆիկ Չարչյանը, Գիա Եփրիկյանը, Անահիտա Ափոզյանը և Սամվել Աղալարյանը։ Վիրահատության ժամանակ ներկա են գտնվել նաև բուժքույեր և այլ մասնագետներ։ Այս տարվանից ծրագրում կներառվի նաև «Լավագույն բուժքույր» անվանակարգը, որին նույնպես Ախալքալաքի հոսպիտալը հայտ կներկայացնի։
Երկրորդ անվանակարգում ներկայացրել էին հոսպիտալի մենեջեր Ալեսքան Թորոյանի, բժիշկներ՝ Սամվել Աղալարյանի և Արմեն Դուրգարյանի մասնակցությամբ կատարված վիրահատությունը։
«Շատ բարդ ու հետաքրքիր նոմինացիայում ենք ներկայացել։ Մի շաբաթվա վաղեմության պայթած կույրաղիք, հիվանդը ծանր վիճակում Նինոծմինդայից եկել էր հիվանդանոց։ Սկզբնական ախտորոշումը շատ դժվար էր, մտածում էինք, որ չարորակ ուռուցք է։ Արդեն վիրահատության ընթացքում մանրակրկիտ զննելուց հետո վիրահատարանում եկանք ընդհանուր հայտարարի, որ գործ ունենք բարդ, պայթած կույրաղիքի հետ, որը բերել է ամբողջ աղիների կծկման և այդ աղիների կպումների, որն առաջին հայացքից կարծես թե չարորակ ուռուցք էր։ Փառք Աստծո, ճիշտ կողմնորոշվեցինք։ Վիրահատությունը երկար տևեց, բայց ամենակարևորը հիվանդին առողջացած ենք դուրս գրել»,- ասում է Ալեքսան Թորոյանը։
Միաժամանակ ավելացնելով, որ ապրիլի 3-ին ժամը 15։00-ին ուղիղ եթերով ներկայացրել են մրցույթի հաղթողներին, որին հետևել են էվեքսի ամբողջ աշխատակիցները՝ 8000-10000 աշխատող, բոլոր հիվանդանցներից:
Թորոյանը հպարտությամբ է նշում, որ երկու անվանակարգում են հայտ ներկայացրել և երկուսում էլ հաղթող ճանաչվել:
«Սա եզակի դեպք է, քանի որ մեր կարգի հիվանդանոց չկար մասնակից, հիմնականում մասնակցում էին մեծ հիվանդանոցները՝ Թբիլիսիի, Բաթումի, Քութայիսիի, Զուգդիտիի: Այդպիսի մեծ հիվանդանոցների հետ մրցակցությունը շատ դժվար էր։ Եվ մենք հսկաների մեջ կրեցինք երկու հաղթանակ։ Ամբողջ անձնակազմով շատ ուրախացել էինք, այսօր էլ բարձր տրամադրությամբ, դրական լիցքերով աշխատում ենք։ Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդը զերծ մնա նման բաներից, առողջ լինեն։ Սակայն շատ հաճելի է, երբ մեր կատարած աշխատանքը ինչ-որ մեկը գնահատում է, և մենք էլ ավելի եռանդով ենք աշխատում», – առանձնակի ուրախությամբ նշում է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջերը։
Գայանե Ակոջյան