Բորժոմի-Խարագուլիի ազգային պարկի անտառապահները հայտնաբերել են վիրավոր գառնանգղի, որը ապաքինվել է տեղի բնակիչների օգնությամբ և առողջ վիճակում վերադարձրել վայրի բնության գիրկ: Այս մասին հայտնում է Բնության պահպանվող տարածքների գործակալությունը:
Մորուքավոր անգղը կամ գառնանգղը բազեանմանների կարգին ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է: Այս թռչնին «մորուքավոր անգղ» են անվանում իր կտուցի տակ կոշտ փետուրների կամ մազախուրձի պատճառով, իսկ գառնանգղ թռչունին սխալմամբ են անվանում, քանի որ նա երբեք չի սպանում կենդանի ոչխարներին, այլ սնվում է միայն դրանց լեշով՝ լեշակեր է:
Հասունի մարմնի բարձրությունը 95-125 սմ է, թևերի բացվածքը երբեմն գերազանցում է 3 մետրը, կենդանի զանգվածը՝ 4,5-ից 7,5 կգ է։
Գործակալության տրամադրած լուսանկարում պատկերված է Ածկղուրիի շրջանի ավագ ռեյնջեր Նուգզար Աիծուրաձեն: Հաղորդագրությունում կարևորվում է թռչնին փրկելու գործում նրա դերը: Անտառապահը 1995 թվականից՝ պարկի հիմնադրումից ի վեր, աշխատում է Բորժոմի-Խարագաուլիի ազգային պարկում:
Բորժոմի-Խարագաուլիի ազգային պարկը Եվրոպայի ամենամեծ ազգային պարկերից մեկն է: Արգելոցի տարածքը 5,3 հազար քառակուսի կիլոմետր է, ինչը կազմում է Վրաստանի ամբողջ տարածքի 7,6%-ը: Այն տեղակայված է վեց վարչական միավորների` Բորժոմիի, Խարագաուլիի, Խաշուրիի, Ախալցիխեի, Աբասթումանիի և Բաղդաթի տարածքներում:
Արգելոցը համարվում է Վրաստանում առաջին ազգային պարկը, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: