Վերջին երկու օրերին Ախալքալաքում լուրեր են շրջանառվում, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից որպես մեծամասնական պատգամավորության թեկնածու Հենզել Մկոյանի փոխարեն առաջադրվելու է Սամվել Մանուկյանը, ով խորհրդարանում է հայտնվել «Վրացական երազանքի» կուսակցական ցուցակներով:
Տարածված տեղեկությունները ճշտելու համար Jnews-ը դիմեց «Վրացական երազանքի» կուսակցության գլխավոր գրասենյակ, այնտեղից մեզ հայտնեցին, որ առաջիկայում պաշտոնապես կհայտարարեն սպասվելիք փոփոխությունների մասին։
Սամվել Մանուկյանը, ով 2016 թվականին խորհրդարան է մտել «Վրացական երազանք» կուսակցական համամասնական ցուցակով, զերծ մնաց մեկնաբանությունից։
Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանն ասաց.
«Այս տեղեկությունները ով է տարածել, ես չգիտեմ, դեռ այդ հարցը որոշված չէ, դրա համար ժամանակ կա: Ժամանակը, որ գա մենք Ձեզ կհայտնենք», – ասաց նա:
Սակայն մեր վստահելի աղբյուրները հաստատում են այն տեղեկությունները, որ այս տարի Հենզել Մկոյանը չի ներկայացվի որպես մեծամասնական թեկնածու, փոխարենը «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրելու է Սամվել Մանուկյանի թեկնածությունը։
Նշենք, որ Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում ազգությամբ հայ 3 պատգամավոր կա։ Երեքն էլ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից են՝ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Ռուսլան Պողոսյանը: