Ռուս հայտնի հրապարակախոս և լրագրող Վլադիմիր Պոզները իր հյուրերի հետ ժամանել էր Թբիլիսի, սակայն բողոքի ցույցերից անմիջապես հետո նա ստիպված էր ծրագրվածից ավելի վաղ մեկնել Ռուսաստան:

Ինչպես սկսվեց ամեն ինչ

Պոզները ժամանել էր Թբիլիսի՝ նշելու իր ծննդյան օրը, երեկ նա դարձավ 87 տարեկան: Լրատվամիջոցների հաղորդմամբ, նրան ուղեկցում էին ավելի քան 40 հոգի՝ նրա ընկերներն ու գործընկերները: Միջոցառման կազմակերպիչը երգչուհի Միրանդա Միրիանաշվիլին էր՝ ռուս գործարար Լեոնիդ Օգարեւի կինը:

Ծննդյան օրը Վրաստանում նշելու Պոզների ծրագրերը ֆեյսբուքում օրվա թեման էին դարձել դեռ նրա ժամանումից առաջ, իսկ օդանավակայանում նրան դիմավորեցին վրացական հեռուստաընկերությունների տեսախցիկները:

«Ես արդեն երրորդ տարին է, ինչ նշում եմ իմ ծննդյանս օրը Թբիլիսիում: Ես եկել եմ ոչ թե քաղաքականությունից խոսելու, այլ իմ ծննդյան օրը նշելու նպատակով», – ասել է Պոզները լրագրողներին և հրաժարվել պատասխանել Աբխազիայի կարգավիճակի առնչությամբ իր կարծիքի մասին հարցերին:

Քաղաքացիական ակտիվիստները գնացել էին այն հյուրանոց, որտեղ Պոզներն ու նրա հյուրերը հավաքվել էին երերկոյան ճաշկերույթի:

Պոզները ստիպված էր լքել հյուրանոցը ոստիկանության ուղեկցությամբ: Հյուրանոցի մոտ, որտեղ կանգ էր առել հայտնի անձը, ամբողջ գիշերվա ընթացքում բողոքի ցույց էին անցկացնում քաղաքացիական ակտիվիստները և ընդդիմության քաղաքական գործիչները, ովքեր անընդունելի են համարում Աբխազիայի վերաբերյալ Պոզների նախկին մեկնաբանությունները: Ցուցարարները պահանջում էին, որ նա անմիջապես լքի երկիրը:

Բողոքի տարերային ակցիայի մասնակիցները սուլում էին և թմբկահարում երկաթե մակերևույթների վրա՝ աղմուկ ստեղծելու և, ինչպես իրենք էին ասում, հյուրանոցում հավաքվածներին «անհարմարություն» պատճառելու նպատակով: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, բայց նրանք ոչ մի կերպ չէին միջամտում:

Բողոքի ցույցի մասնակիցներին հաջողվեց խանգարել հայտնի մարդկանց խրախճանքը: Նրանց հաջողվեց հասնել մինչև էլեկտրական վահանակ և հոսանքազրկել հյուրանոցի շենքը: Բացի այդ, նրանք Աշխատանքի տեսչությանը զեկուցեցին, որ ընթրիքն անցկացվում է երեկոյան ժամը 21:00-ից հետո Վրաստանում գործող «պարետային ժամի» խախտմամբ, իսկ հյուրանոցին կից ռեստորանը տուգանվեց 10 հազար լարիով:

Տուգանքները

Լրագրողը նախատեսում էր Վրաստանում մնալ երեք օր: Երեկոյան հանրաճանաչ լրագրողն ու նրա ընկերները հավաքվել էին ընթրելու Թբիլիսիի «Vinotel»-ում: Կովիդ-սահմանափակումները խախտելու համար հյուրանոցը տուգանվեց 10 հազար լարիով, իսկ բոլոր հյուրերը` 2000-ական լարիով: Թագավարակի պատճառով Վրաստանում սոցիալական իրադարձություններն արգելված են, և երկրում գործում է «պարետային ժամ»՝ առանց հատուկ անցաթղթի, 21:00-ից մինչև ժամը 05:00-ն արգելվում է տեղաշարժվել:

Վրաստանի ՆԳՆ-ն ռուս լրագրող Վլադիմիր Պոզների հյուրերից տուգանել է 32 հոգու` մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար: Ըստ «InterpressNews»-ի, տուգանվածների թվում է նաև ինքը՝ Պոզները:

Ինչ վերաբերում է մնացած անձանց, ինչպես գործակալությանը հայտնեցին ՆԳՆ-ից, 41 անձանցից 9-ը չեն խախտել մեկուսացման և կարանտինի կանոնները:

«Պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները, «Վարչական իրավախախտումների օրենսգրքի» 42(10) հոդվածի համաձայն, մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու փաստի առթիվ տուգանել են 32 անձի:

Երկիր մուտք գործած 41 անձանցից 9-ը չեն խախտել մեկուսացման և կարանտինի կանոնները: Ուշ երեկոյան տուգանվել է նաև «Vinotel» հյուրանոցը:

ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները անհապաղ արձագանքում են օրինախախտումների բոլոր փաստերին», – հայնտել են ՆԳՆ-ից:

Միևնույն ժամանակ, «Vinotel»-ում հավաքվել էին այն քաղաքացիական ակտիվիստները և քաղաքական գործիչները, ովքեր վրդովված էին, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչող հայտնի լրագրողին թույլատրվել էր մուտք գործել երկիր, ինչպես նաև սոցիալական միջոցառում անցկացնել՝ չնայած խիստ կանոնակարգերին: Արդյունքում, Պոզները և նրա հյուրերը ոստիկանության օգնությամբ լքել էին տարածքը, սակայն ցուցարարները շարունակել էին ակցիան արդեն նոր տեղայնքում՝ «Rooms» հյուրանոցի մոտ:

Պոսները գնաց, նստվածքը մնաց

Պոզները չարտերային չվերթով ստիպված էր ժամանակից շուտ լքել Թբիլիսին: Պոզները ստիպված էր լքել հյուրանոցը ոստիկանության աշխատակիցների ուղեկցմամբ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «անթույլատրելի» է որակել բողոքի այս ձևն ընդդեմ ռուս լրագրող Վլադիմիր Պոզների Վրաստան կատարած այցի:

«Վլադիմիր Պոզները նաև ԱՄՆ-ի քաղաքացի է, նա չի խախտել օկուպացիայի մասին օրենքը: Նա հաճախ է այցելում Վրաստան ԱՄՆ-ի անձնագրով, սա մասնավոր բնույթի այց էր:

Նա և իրեն ուղեկցող մարդիկ ունեցել են կովիդ-անձնագրեր և PCR թեստի բացասական պատասխաններ: Ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել», – անցած գիշերվա իրադարձություններն այսպես է մեկնաբանել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ բացելով կառավարության նիստը:

Վարչապետը բողոքի ցույցերը կազմակերպելու մեջ մեղադրել է ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությանը՝ «Միասնական ազգային շարժմանը», որը հիմնադրվել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, չնայած երեկվա հանրահավաքն իրականացրել էին «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժման ակտիվիստները, որոնց մեծ մասը չեն հանդիսանում Սաակաշվիլիի կողմնակիցներ:

Չնայած դրան, Ղարիբաշվիլին Պոզների ժամանման դեմ բողոքի ցույցի կազմակերպիչներին անվանել էր «Ազգային շարժման խմբավորումներ»՝ ընդգծելով, որ դա «վատթարացնում է երկրի միջազգային հեղինակությունը»:

«Մեր մի խումբ քաղաքացիներ որոշել էին արտահայտել իրենց բողոքը, որից օգտվել էր ամենից ապակառուցողական ուժը՝ «Ազգային շարժումը», և, ինչպես միշտ, իրադարձություններն ուղղեց դեպի իր օրակարգ:

Եվ այս անգամ «Ազգային շարժման» և, մասնավորապես, Սաակաշվիլիի նպատակը ապակառուցողականությունն է, սաբոտաժը և մեր երկրին առավելագույն վնաս հասցնելը, մեր երկրի միջազգային հեղինակության վատթարացումը:

Եվ այս անգամ նրանք ամեն ինչ արեցին այն ֆոնին, երբ մեր երկիրը մասամբ բացվել է զբոսաշրջիկների համար: Դուք գիտեք, թե որքան կարևոր է զբոսաշրջիկների մուտքը մեզ համար, հատկապես այս իրավիճակում», – ասել է Ղարիբաշվիլին:

Պոզների հերքումը և ՆԳՆ-ի ապացույցները

Վլադիմիր Պոզները պնդում է, որ ինքն արդեն գտնվում է Մոսկվայում և Վրաստանում չի տուգանվել կարանտինային միջոցառումները խախտելու համար: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, այս մասին լրագրողն ասել է իրենց հետ հարցազրույցում:

«Ես Մոսկվայում եմ: Մեզանից ընդհանրապես ոչ ոք չի տուգանվել», – տուգանքների մասին հարցին պատասխանել է Պոզները:

Ի պատասխան՝ Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է ռուս լրագրող Վլադիմիր Պոզների Թբիլիսիում «պարետային ժամը» խախտելու համար տուգանային անդորրագիրը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Թբիլիսիում Պոզների հետ միասին տուգանվել է 32 անձ: Նրանք պետք է վճարեն 2 000-ական լարի (600 ԱՄՆ դոլար): Ընդհանուր առմամբ, հեռուստահաղորդավարի ծննդյան օրվա առթիվ Մոսկվայից Թբիլիսի էր ժամանել 41 հյուր:

«Տարբեր լրատվամիջոցներ սխալ տեղեկություններ են տարածում այն մասին, որ այս տարվա մարտի 31-ին Վրաստանում մեկուսացման և կարանտինի կանոնները խախտած անձինք չեն տուգանվել: Ելնելով հանրային մեծ հետաքրքրությունից՝ մենք հրապարակում ենք արձանագրած տուգանքների անդորրագրերը և մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ Պարեկային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները՝ մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու փաստի առթիվ, տուգանել են 32 անձի՝ Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (10) հոդվածի համաձայն: Միևնույն ժամանակ, բոլոր տուգանքները վճարվել են մինչև այդ անձանց երկիրը լքելը», – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ: