Վրաստանի իշխանությունների որոշմամբ, ապրիլի 1-ից երկրում կվերացվեն համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով գործարկված եւս մի քանի սահմանափակումներ:
Երկում չեղարկվում է հանդիսատեսի ներկայությամբ թատերական ներկայացումների և սպորտային մրցումների արգելքը: Կինոթատրոնները, թատրոնները և մանկական ժամանցի կենտրոնները ստացել են աշխատանքը վերսկսելու իրավունք: Ինչպես բացատրել է Աշխատանքի տեսչության ղեկավար Բեքա Փերաձեն, դրանք կկարողանան գործել` պահպանելով Առողջապահության նախարարության հրահանգակները և անվտանգության միջոցառումները:
«Այս դեպքում խոսքը որոշակի սահմանափակումների, կանոնների մասին է, որոնք պարտադիր են վիրուսի տարածումը կանխելու համար», – նշել է Փերաձեն:
Նա պարզաբանել է, որ բեմական ներկայացումների ժամանակ դիմակ կրելը պարտադիր կլինի յուրաքանչյուր հանդիսատեսի համար: Ինչ վերաբերում է մանկական զվարճանքի կենտրոններին, ապա բացի առկա կանոններից՝ ջերմազննում, ախտահանիչ գորգեր և այլն, արգելվում է միաժամանակ հավաքել ավելի քան 40 մարդու՝ անկախ տվյալ տարածքի չափից:
Աշխատանքի տեսչությունից հավաստիացնում են, որ իրենք խստորեն վերահսկելու են կանոնների պահպանումը:
Ներկայումս Վրաստանում պահպանվում է գիշերային ժամերին (21:00-ից 05:00-ն) տեղաշարժի արգելքը՝ ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար: «Պարետային ժամը» խախտելու համար տուգանքը 2000 լարի է (600 ԱՄՆ դոլար): Դիմակային ռեժիմը նույնպես մնում է ուժի մեջ:
Հանգստյան օրերին սննդի օբյեկտներին դեռ արգելվում է ընդունել այցելուներ: Շաբաթ և կիրակի օրերին նրանք կարող են աշխատել միայն առաքմամբ:
Վրաստանի ցամաքային սահմանները հարևան պետությունների հետ դեռևս մնում են փակ: