Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հարցազրույցներ է տվել վրացական առաջատար լրատվամիջոցներին (Ռուսթավի 2, Իմեդի, Վրաստանի հանրային հեռուստաընկերություն և այլն)։ Դեսպանը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմամոլական հայտարարությունները:

Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծի երկյանքով ընթացող իրադարձություններին հարցազրույցներում դեսպանը, մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը։

Դեսպանը նաև դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմամոլական հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ: Այս մասին փոխանցում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանի երկու գործող պատգամավորներ՝ «Միացյալ ազգային շարժումից» Ազեր Սուլեյմանովը և «Վրացական երազանքից» Ռուսլան Գաջիևը իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրադարձություններին, որտեղ իրենց աներկբա աջակցությունն են հայտնում Ադրբեջանին և Հայաստանին մեղադրում՝ Հարավային Կովկասում անկայունություն մտցնելու և Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացման մեջ: