Երկրաբանների կարծիքով՝ Վաշլիջվարիի շրջանում գտնվող լեռնաշղթայում, որտեղ սողանքային գործընթացներ են զարգացել, հողաշերտը փլուզվել է: Համապատասխան լուսանկարը տեղադրել է սեյսմոլոգ Թեա Գոդոլաձեն: Ինչպես ավելի ուշ հայտնել են նրա գործընկերները, սա ցույց է տալիս, որ սողանքային զանգվածը դինամիկայում է գտնվում:
«Հողաշերտի տեղաշարժը և դեֆորմացումը նկատելի էին ինչպես առաջին օրերին, այնպես էլ հիմա: Օրինակ՝ ցուցիչներից մեկը ճեղքվածքի հատվածում առաջացող խորանցքերն են: Սա վկայում է, որ գործընթացը կանգ չի առել և դեռ դինամիկայում է գտնվում: Սկզբսւնքային չէ, թե որքանով է այն դեպի ուղղահայաց խորացել, գլխավորն այն է, թե ինչպես է այն շարժվում հորիզոնական դիրքով: Հորիզոնական շարժման արագությունը տատանվում է օրական 5-ից 7 միլիմետրի վրա», – ասում է Երկրագիտությունների ինստիտուտի աշխարհագրության բաժնի ղեկավար Լաշա Սուխիշվիլին:
Հիշեցնենք, որ հասարակությունը Թբիլիսիում սողանքային գործընթացների զարգացման մասին տեղեկացել էր մի քանի շաբաթ առաջ: Անօդաչու թռչող սարքերի կադրերը հայտնվել էին ֆորումներից մեկում, որտեղ երեւում է, որ Լիսիի լճի մերձակայքում գտնվող բլրի վրա խորը ճեղքվածք կա: Այս շրջանում փորձագետները տագնապ էին բարձրացրել և սկսել խոսել աղետի անխուսափելիության մասին: Քաղաքապետարանը Գերմանիայից երկրաբան ինժեներների է հրավիրել հետազոտությունների նպատակով: