Վրացական «Caucasus Online» հեռահաղորդակցական ընկերությունը, որն ունի օպտիկամանրաթելային մալուխ, որն էլ իր հերթին անցնում է Սեւ ծովի ընդհատակով, վերջանականապես անցել է ադրբեջանական «Neqsol Holding» սեփականության տակ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ադրբեջանական հոլդինգը ձեռնամուխ եղավ «Digital Silk way» նախագծի իրականացմանը, որը փաստացի իրենից ներկայացնում է «Մետաքսի մեծ ճանապարհի» թվային տարբերակը, և այս նախագծի առանցքներից մեկը «Caucasus Online»-ն էր, առաջին հերթին, քանի որ առանց Վրաստանի նախագիծն անհնարին է, իսկ երկրորդը, քանի որ «Caucasus Online»-ն ունի օպտիկամանրաթելային մալուխ, որը նույնպես կարևոր է Եվրոպայից Ասիա համացանցի տարանցման համար:
2019 թ.-ին «NEQSOL Holding»-ը գնեց «Caucasus Online»-ի բաժնետոմսերի 49%-ը, իսկ այժմ այն գնել է մնացած 51%-ը՝ այդպիսով դառնալով Սևծովյան օպտիկամանրաթելային մալուխի պաշտոնական սեփականատերը:
Ի՞նչ կորցրեց Վրաստանը այս գործարքից, և որքանո՞վ է ընդունելի օտարերկրյա ներդրողի համար երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի վաճառքը, այդ թվում նաև` որպես իր գործառույթի տեսանկյունից տարածաշրջանային թվային կենտրոն:
Փոքր ու միջին հեռահաղորդակցական ընկերությունների ասոցիացիայի ղեկավար Ուչա Սեթուրիի խոսքով, գործարքը բացասաբար կանդրադառնա ինչպես ինտերնետի սակագների, այնպես էլ որպես հաբ Վրաստանի դերի վրա:
«Ի թիվս այլ բաների, մենք ունենք ներդրող, որը խախտում է Վրաստանի օրենքները և գնում է ընկերությունը, չնայած Հաղորդակցման ազգային հանձնաժողովի կողմից միանշանակ արգելքին: Դժվար թե նա այս բանից հետո պահպանի երկրի մնացած օրենքները: Այս գործարքից առաջ Digital Silk Way-ն էր՝ Կենտրոնական Ասիայի երկրների նախաձեռնած նախագիծը, և դրա կենտրոնական կետը Թբիլիսին էր, բայց հիմա, երբ «Caucasus Online»-ն անցավ ադրբեջանական ընկերության ձեռքը, ծանրության կենտրոնը տեղափոխվում է Բաքու»,- հայտարարել է նա:
Ըստ նրա, սա նշանակում է, որ տվյալների բազաները կլինեն Բաքվում, այնտեղ էլ կստեղծվեն աշխատատեղեր, մասնագետներն էլ կպատրաստվեն այնտեղ, այլ ոչ թե Վրաստանում, ներդրողների շահերը կենտրոնանալու են Ադրբեջանի վրա, այլ ոչ թե Վրաստանի, համապատասխանաբար երկիրը կորցնում է տարածաշրջանային կենտրոնի դերը …
Ըստ կիբերանվտանգության ոլորտի փորձագետ Զուրաբ Սվանիձեի, շատ բան էր կապված այս նախագծի հետ` տվյալների բազաների ստեղծումը, նոր աշխատատեղերը, ներդրումները, և այս ամենն այժմ կորած է:
«Ի՞նչ հաբի մասին է խոսքը, եթե երկիրը չունի միակ օպտիկամանրաթելային մալուխը, որը կենտրոնական ենթակառուցվածքային օբյեկտ է: «Caucasus Online»-ը ռազմավարական օբյեկտ էր, և այժմ այն դարձել է այլ երկրի սեփականությունը՝ չնայած Հաղորդակցման հանձնաժողովի արգելքին: Միակ բանը, որ հանձնաժողովը կարող է անել՝ տուգանելն է, վերջ, այլ լիազորություններ այն չունի», – հայտարարել է նա: