Արեւելք-արեւմուտք միջազգային մայրուղու մաս հանդիսացող Խաշուրիի շրջանցիկ ճանապարհը կբացվի օգոստոսի երկրորդ կեսին: Այս մասին հաղորդել են Վրաստանի տարածքային զարգացման նախարարության ավտոճանապարհային վարչությունում:

Ծրագրի շրջանակներում կառուցվում է ասֆալտ-բետոնե ծածկով և ջրահեռացման համակարգով քառագոտի ճանապարհ: Հատվածն ունի հինգ թունել և 21 կամուրջ, ինչպես նաև ստորգետնյա անցումներ: Ճանապարհի 13 կիլոմետրանոց հատվածի շահագործումը կօգնի լիովին բեռնազատել Խաշուրին տարանցիկ երթևեկից: Խաշուրիի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը նախատեսված էր ավարտին հասցնել մինչև հուլիսի 31-ը: Կորոնավիրուսի համավարակի ֆոնին ժամկետները հետաձգվել են: Ճանապարհն ամբողջությամբ շահագործման կհանձնվի հոկտեմբերին:

«Հաշվի առնելով Խաշուրիի շրջանցիկ ճանապարհի կարևորությունը՝ Արևելքից Արևմուտք տրանսպորտային միջոցների հարմարավետ և անվտանգ տեղաշարժման համար, օգոստոսի վերջին կբացվի 13 կմ-անոց հատվածի քառագոտի ճանապարհի 11,5 կմ-ը: Ճանապարհի մնացած 1,5 կմ-ը ժամանակավորապես կլինի երկկողմանի: Երկու լրացուցիչ երթևեկության գոտիների շինարարությունը կավարտվի հոկտեմբերին», – ասվում է հայտարարության մեջ:

Խաշուրիի շրջանցիկ ճանապարհը սկսվում է Ագարա-Զեմո Օսիաուրի ճանապարհի վերջին հատվածից և Սուրամիի նոր հանգույցով միանում է գործող ճանապարհին: Այս վայրում կառուցվել է 420 մետր կամուրջ, որն ունի ամենաբարձր հենակները Վրաստանում: Խաշուրիի շրջանցիկ ճանապարհը Զեմո Օսիաուրի-Չումաթելեթի ճանապարհի մի մասն է, և երկու հատվածների շինարարությունն ավարտելուց հետո ճանապարհը կհասնի մինչև Ռիկոթիի լեռնանցք: Այսպիսով, այս ճանապարհը շրջանցելու է Խաշուրին, Սուրամին և Չումաթելեթին: Ինչ վերաբերում է Զեմո Օսիաուրի-Չումաթելեթի ճանապարհի երկրորդ 6,4 կմ երկարությամբ հատվածի կառուցմանը, ներկայումս ընթանում է տենդերային առաջարկների ընտրության և գնահատման գործընթացը:

Զեմո Օսիաուրի-Չումաթելեթի հատվածը հանդիսանում է երկրի գլխավոր տարանցիկ մայրուղու մի մասը, որի շահագործման պես կավելանա արագընթաց մայրուղու միջսահմանային տարողականությունը, կնվազի երթևեկության անվտանգության մակարդակը և ճանապարհորդության ժամանակը: Արդյունքում, եթե այսօր Կարմիր կամրջից (Ադրբեջանի հետ սահման) դեպի Սարփի ճանապարհը (Թուրքիայի հետ սահմանը՝ Աջարիայի կողմից), տևում է 8 ժամ, ապա մայրուղու շինարարության ավարտից հետո 4-4,5 ժամը բավարար կլինի:

Արևելք-Արևմուտք մայրուղին կամ եվրոպական տարանցիկ E-60 ճանապարհը եվրոպական ամենամեծ տարանցիկ միջանցքն է, որը սկսվում է Բրեստից (Ֆրանսիա) և ավարտվում Իրկեշթամեում (Ղրղզստան): Վրաստանում E-60- ը սկսվում է Ադրբեջանի հետ սահմանից և ավարտվում Սև ծովի ափին՝ Փոթի նավահանգստի մոտ: Վրաստանի տարածքում միջանցքի երկարությունը 392 կմ է:

Նյութը՝ «Новости Грузия»-ից